Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է: Ժողովրդավարությունը վտանգված է. Ալեն Սիմոնյան

Մարտ 20,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում

Վեհաժողովի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլեւ որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին:

Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր:

Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի:

Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է:

Ժողովրդավարությունը վտանգված է:

Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական եւ անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը:

Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլեւ մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների եւ կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց եւ հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր եւ ապահով կզգա:

Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարեւոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ եւ համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում:

Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարեւորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ:

Կցանկանայի նաեւ անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու բարօրության լավագույն երաշխիքներն են: «Խաղաղության խաչմերուկ» մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության վրա:

Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատեւ կալանքի, անմարդկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների:

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է:

Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրեւ ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարեւորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով:

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թեւակոխելու նոր դարաշրջան:

Հարգելի՛ գործընկերներ,

Մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը: Այս առթիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել: Մենք անշեղ ենք այս ճանապարհից:

Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31