Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին կանչել վկայի դատավարական կարգավիճակով, նա էլ օգտվելով իր իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ հնարավոր է համարում, որ իր ցուցմունքն իր դեմ օգտագործվի․ ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանի շահերի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը։
Ի պատասխան լրագրողների դիտարկումների, Բենիկ Գալստյանն ասաց, որ եթե քրեական կոմպոնենտ լիներ այս ամենում, Ռուբեն Մխիթարյանը մեղադրյալի կարգավիճակ կունենար։ Միաժամանակ, նա չի բացառում, որ եթե խոսքը Ռուբեն Մխիթարյանին չվերաբերվեր, միգուցե ընդհանրապես հարցաքննության չկանչեին էլ։
«Խնդրեցիք, որ այս ընթացքում չանհանգստացնեն, խոստացան չանհանգստացնել»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ պատասխանելով հարցերին՝ արդյոք քաղաքական ենթատեքստ կա այս հարցաքննության ետեւում՝ հավելելով․ «Տիկին քննիչը չասաց, որ պարոն Մխիթարյանի քարոզարշավն էր հարցաքննության պատճառը, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ասաց, որ զուգադիպություն է, որ այս փուլում է այս ամենը տեղի ունենում»։
Ռուբեն Մխիթարյանն էլ հումոր արեց․ «Սենյակում շատ շոգ էր, օդորակչի հարց պետք է լուծել, մարդիկ անմարդկային պայմաններում են աշխատում։ Մարտուն Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել, հաջորդը կարող է ինքը լինել, կարող է հիշեն, որ 11 տարեկանում ինքը հեծանիվով անցել է կարմիր լույսի տակով եւ կգտնվի մարդ, ով կասի, որ վախեցել է․․․»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Նա մեղադրվում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ