Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուղղորդված ակցիա է»․ Ռուբեն Մխիթարյանը` իր հարցաքննության մասին

Մարտ 20,2025 18:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե այս ամեն ինչը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ քարոզարշավի ավարտին մոտ 10 օր  է մնացել, քեզ կանչում են 2024 թվականի մայիսին, ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է, թե՞ չէ, փաստաբանիս հետ կմտնենք-դուրս կգանք կերեւա։ Բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, վստահաբար այդպես է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը։

Հիշեցնենք, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն այսօր դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Նա մեղադրվում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։

Մինչ հարցաքննության մտնելը, լրագրողների հետ զրույցում, Ռուբեն Մխիթարյանը հիշեց, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց ապօրինի ձեռք բերած գույքը՝ 300-350 միլիոն դոլարի հասնող եւ հումոր արեց՝ «ես մի ակտ եմ թալանել՝ 11 ամիս առաջ»։

Ռուբեն Մխիթարյանը հստակեցրեց, որ ինքը վարորդական իրավունքից զրկված է եղել 2023-ի դեկտեմբերի 22-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 22-ին ստացել է իր վարորդական իրավունքը հետ եւ վարում է մեքենան՝ արդեն 11 ամիս։

Թե ինչո՞ւ էր զրկվել՝ ասաց․ «Շատ հայկական պատմություն՝ բալերս պրծել էին»։

Ռուբեն Մխիթարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Բենիկ Գալստյանն էլ հավելեց, որ իր պաշտպանյալը վկայի դատավարական կարգավիճակում հարցաքննության է կանչել՝ 2024-ի մայիսին իրականացված վարչական վարույթի հետ կապված։ Փաստաբանի համար եւս ընտրված ժամանակահատվածն է տարօրինակ՝ քարոզարշավային փուլ է, ընտրություններին մի 10 օր է մնացել։

Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ՔԿ է հրավիրվել՝ վարորդական իրավունքի կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու վերաբերյալ քրեական գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ-ից։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի (Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշներով:

«Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության»,- հայտնեցին ՔԿ-ից՝ ընդգծելով, որ պետք չէ քաղաքականացնել գործընթացը։

Ըստ ՔԿ-ի՝ քննիչը անձին հեռախոսով հրավիրել է հարցաքննության՝ առանց պարզելու նրա ով լինելը, ընդ որում՝ դիմելով անունով։ Ավելին, ձայնագրության մեջ նշվում է, որ հենց այսօր պետք է ներկայանա հարցաքննության, ինչ է՝ քննիչը չգիտեր, որ անձը Երեւանի բնակիչ չէ ու նաեւ հնարավոր է ի վիճակի չէր հենց այսօր՝ հաշված ժամերի ընթացքում, ներկայանալ քննչական ու վերջապես՝ Ռուբեն Մխիթարյանն էլ կարող է չէ՞ կասկածներ ունենար, որ գուցե իրեն Երեւան հրավիրողը քննիչ չէ, այլ իշխող ուժի PR-ի մի գործիքակազմ՝ քարոզարշավից կտրելու համար, եւ գուցե քննիչի ձայնը  կեղծել են  ԱԲ-ի միջոցով։

Փաստն այն է, որ քաղաքապետի թեկնածուին հարցաքննության են հրավիրել զանգի միջոցով՝ առանց գրավոր ծանուցագիր ուղարկելու։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31