Այսօր մեղադրյալի լրացուցիչ հարցաքննություն է՝ տեղի ունենալու, առանցքային քննչական գործողություն:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ Ուլուբաբյանին ոստիկանները բռնության են ենթարկել, խոշտանգել՝ հասցնելով մարմնական տարբեր վնասվածքներ:
Կարդացեք նաև
«Եթե մինչեւ հիմա քննչական կոմիտեն անձանց ձերբակալելը պայմանավորում էր անձանց իդենտիֆիկացված չլինելու հիմքով, Տիգրանն այսօր հստակ նշելու է երկու ոստիկանի, ինչը ինքնին ձերբակալման հիմք է»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ նշված ոստիկաններն են Գոռ Խալաթյանը եւ Լոռու Ոստիկանության վարչության պետը:
Փաստաբանի խոսքով, Քննչական կոմիտեն չպետք է սպասեր, որ Տիգրանը նույնականացներ, այլ այսօր պետք է ունենայինք 6 ոստիկանի տվյալներ՝ անուններ, պաշտոններ ու ձերբակալություններ:
Նա նաեւ ասաց, որ Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց արդյունքները դեռ հայտնի չեն: Սակայն, ըստ նրա, առավել կարեւոր է պարզել այդ ոստիկաններին ու նրանց նկատմամբ նշանակվի փորձաքննություն, որովհետեւ նրանց ձեռքերի վրա այդ հետքերը շատ արագ անհետացող են:
Փաստաբանը մեկնաբանեց նաեւ Տիգրանի քրեական անցյալին վերաբերող ներիշխանական շրջանակների տարածած տեղեկությունը:
Փաստաբանն ասաց, որ Տիգրանը չունի դատվածություն, չունի կրիմինալ անցյալ: Երկու անգամ անցել է ծեծի գործով: Ըստ նրա, չկա մի պատանի, որ այդ տարիքում ծեծի հարցով գոնե մի անգամ ոստիկանությունում չհայտնվի:
Փաստաբանը նաեւ հայտնեց, որ Ուլուբաբյանին մեղսագրվող արարքում՝ ավազակային հարձակում, այդ գործով տուժողը վերջին մարդը, որին կասկածում է նման արարքի մեջ, Տիգրանն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ