Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի

Մարտ 20,2025 17:54

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի սպորտի հարցերով դեսպան Սամուել Դյուկրոքեի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են 2027 թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում: Նախարարը շնորհավորել է գործընկերներին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումները։

Անդրադառնալով 2027 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է այդ խոշոր միջոցառման նախապատրաստական փուլում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցությունն ու լավագույն փորձի փոխանակումը:

Այս համատեքստում կարևորվել է Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած ֆրանսիական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։

«Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի: Մենք տպավորված ենք Փարիզի օլիմպիական խաղերով, որի իրականացումը լավագույն օրինակ էր»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը ևս կանցկացվեն կազմակերպական պատշաճ մակարդակով:

Նա գործընկերներին իրազեկել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե, խաղերի նախապատրաստման նպատակով առանձին կառույց է ստեղծվելու:

Նախարարն ընդգծել է՝ խաղերի անցկացման առաջնային նպատակներից են նախապատրաստվելու ընթացքում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հանրության շրջանում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու հանրահռչակումը: Կազմակերպչական աշխատանքների շրջանակում  Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնավորի հետ համագործակցությունը, ինչը, նրա խոսքով, ամրագրված է Սպորտի զարգացման ռազմավարությունում:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և ներկայացրել իրենց գործունեությունը՝ ուղղված մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը:

Կողմերը քննարկել են կազմակերպչական աշխատանքներում ներառված մասնագետների վերապատրաստմանը և աշխատանքների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31