Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին եւ անհատներին, ովքեր դեմ են գործող իշխանության՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականությանը, առաջարկելու է՝ սկսել 200 հազար ստորագրության ստորագրահավաք, որով հնարավոր կլինի ՀՀ գործող իշխանության վստահության հանրաքվե կազմակերպել։
Aravot.am-ը «Միասին» շարժման խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ շարժումն առաջարկում է գնալ ստանդարտ ճանապարհով, մինչդեռ Հայաստանու իրավիճակը գնալով ավելի ոչ ստանդարտ է դառնում՝ նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթղթի պատրաստ լինելու հանգամանքը, որին զուգահեռ` ադրբեջանական կողմն անվստահություն է հայտնում Հայաստանի նկատմամբ, պահանջներն է մեծացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է այն ստորագրել։ Բացի այդ, Ադրբեջանը նաեւ անընդհատ սահմանային կրակոցների մասին ապատեղեկատվություն է տարածում։ Այս ոչ ստանդարտ իրավիճակում ստանդարտ լուծումներն արդարացվա՞ծ են՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մենք չենք հրաժարվում ոչ ստանդարտ գործողություններից, բայց միաժամանակ գեներացնելով այնպիսի շարժ, որը կարող է ավելի արագ ձեւավորել համախմբվածությունը, ավելի կնպաստենք գործընթացին։ Մենք ոչ թե ստանդարտ լուծում ենք առաջարկում, այլ մի գործողություն, որը կարող է 1-1,5 ամսվա ընթացքում ցույց տալ ժողովրդի փաստացի դժգոհությունն այս իշխանությունից եւ պատրաստակամությունը՝ մասնակցելու նրա հեռացման գործընթացին։ Մենք չենք սպասելու հանրաքվեի լինելուն, այլ այդ գործընթացով գեներացնելու ենք այն իրավիճակը, երբ մարդիկ արդեն հասկանում են, որ իրենք մեկը կամ տասը չեն, այլ հազարներ են եւ այդ հազարների միավորումն արդյունք է տալու»։
Այս գործընթացը, ըստ Արամ Սարգսյանի, ոչ թե խանգարելու է միավորման, համախմբման այլ գործընթացների, այլեւ նպաստելու է բուն միավորմանը։ Այս դեպքում՝ մեկ տարբերություն է լինելու՝ փաստագրված ստորագրություն, որ մարդը չի վստահում ՔՊ-ական խմբակին, Նիկոլ Փաշինյանին եւ նրանց քաղաքականությանը․ «Սրբազան պայքարի» երիտասարդները ստորագրություններ են հավաքում, բայց մենք ասում ենք՝ նաեւ սահմանադրական իրավունքն օգտագործելով գեներացնենք նման գործընթաց»։
Հարցին՝ Գյումրիում կայանալիք ավագանու ընտրությունները հնարավո՞ր է ընդդիմության միավորման հարթակ դառնան՝ վերաճելով Հայաստանում արտահերթ ընտրություններ իրականացնելու պլատֆորմի, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Արտահերթ ընտրություններն այս իշխանությունների օրոք պետք է բացառվեն։ Այս իշխանությունները, ՔՊ-ն պետք է ընտրություններին մասնակցի՝ մյուսների հետ հավասար պայմաններով, բացառությամբ միայն այն իրավիճակի,երբ կառավարությունը կազմված կլինի նեյտրալ անձերից եւ ուժերից, որոնք չեն մասնակցելու ընտրություններին»։
Կարդացեք նաև
Իսկ Գյումրիի ընտրություններում, թեեւ «Միասինը» սեփական թեկնածուները չունի, բայց սատարում է բոլոր իրական ընդդիմություն ներկայացնող ուժերին․ «Մենք աջակից ենք նրանց միասնականությանը եւ դա կարող է բերել լուրջ հաղթանակի, եթե կոալիցիա ձեւավորեն՝ կամ ընտրություններից առաջ, կամ հետո։ Այո, դա կարող է լինել սկիզբը։ Եթե ոմն անձանց հայտարարություններն այն են, ինչ Նիկոլի գլխում է՝ եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրությունների է գնալու, դա էլ կարող է լինել ՔՊ-ի վստահության հանրաքվեի նման մի բան»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ