Խաղաղության պայմանագրի կնքումը բխում է նաև Ադրբեջանի շահերից։ Այդ մասին այսօր Իջևանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն» գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Վերջինս Իջևան էր այցելել ԵՄ դիտորդական պատվիրակության հետ հանդիպելու նպատակով:
«Ուզում եմ հայտարարել, որ ես Հայաստան եմ եկել երեք կարևոր ուղերձով: Առաջին ուղերձը հետևյալն է․ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում․ ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախություն է ցուցաբերել համաձայնելով այս պայմանագրին: Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է և ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը:
Երկրորդ ուղերձս այն է, որ ավելի ուժեղ լինեն ՀՀ-ԵՄ կապերը:
Երրորդ ուղերձս իմ հայտարարությունն է, որ օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Եթե այն իրականացվի, ապա կզարգանան առևտրային հարաբերությունները Կովկասում: Այդ պատճառով շատ եմ ուզում, որ Եվրամիությունը ֆինանսապես աջակցի ճանապարհների կառուցմանը»,- նշեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն» գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ վաղը հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխանցելու իր խոսքն ու աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
Անդրադառնալով Aravot.am-ի հարցին` թե որքան է իրատեսական համարում խաղաղության պայմանագրի կնքումը, Ռասմուսենը նշեց. «Ուզում եմ կրկնել, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է: Խաղաղության պայմանագրի կնքումը բխում է նաև Ադրբեջանի շահերից: Չեմ ուզում կանխագուշակումներ անել, բայց շատ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը փորձի ուշացնել պայմանագրի ստորագրումը»,-նշեց Ռասմուսենը:
«Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն։ Պատկերացրե՛ք, ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են»,-ընդգծեց Ռասմուսենը։