ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն իր սկիզբն առնում է դեռևս 1944 թվականից, երբ ՀՍՍՀ ԳԱ կազմում ստեղծվեց Երաժշտության պատմության ու տեսության սեկտորը, որի հիմքի վրա 1948-ին ձևավորվեց ՀՍՍՀ ԳԱ Արվեստների պատմության ու տեսության սեկտորը։ Այդ սեկտորի հիման վրա էլ 1958-ին հիմնարկվեց ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտը։
Ի՞նչ վիճակում է այսօր ակադեմիական արվեստագիտության ներկան ու ապագան։ Արժանի հերթափոխ ունե՞նք։ Արվեստագիտությունն այսօր գրավի՞չ է երիտասարդների համար։ Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար հանդիպեցինք ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանին:
«Վերջին տարիներին Արվեստի ինստիտուտում ձևավորվել է հետաքրքիր ավանդույթ՝ գիտական տարին եզրափակվում է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հերթական նստաշրջանի անցկացմամբ։ Եվ ահավասիկ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ 2024 թվականի դեկտեմբերի 18-19-ը գումարվեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնյոթերորդ նստաշրջանը, որը նվիրվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երկրորդ տնօրեն, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Հովհաննեսի Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Հետաքրքրությանն ի պատասխան, ինչո՞ւ է երիտասարդական գիտական միջոցառումը նվիրվում թատերագիտության ու գրականագիտության ասպարեզում պատկառելի վաստակ ունեցող գիտնականի ու գիտության հմուտ կազմակերպչի հոբելյանին, տիկին Ասատրյանը պարզաբանեց. «Բանն այն է, որ իր պաշտոնավարության տարիներին (1987-2003) ակադեմիկոս Լևոն Հախվեդյանը մեծ տեղ էր հատկացնում երիտասարդների հետ տարվող աշխատանքներին և կադրերի պատրաստման գործին։ Ինքս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրա եմ ընդունվել հենց պարոն Հախվերդյանի պաշտոնավարման տարիներին՝ 1997-ին, 2001-ին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս ու 2002-ին աշխատանքի անցել Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնում՝ որպես գիտաշխատող։ Եվ ոչ միայն ես։ Ակադեմիկոս Հախվերդյանը վստահում էր երիտասարդներին, ճանապարհ հարթում նրանց համար, նրանց գիտաստեղծագործական աճի համար ստեղծում բոլոր անհրաժեշտ պայմանները։
Կարդացեք նաև
Նշեմ, որ երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնյոթերորդ երկօրյա նստաշրջանի աշխատանքների ընթացքում զեկուցումներով հանդես եկան երիտասարդ հետազոտողներ ինչպես ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից ու հանրապետության տարբեր բուհերից, այնպես էլ արտասահմանից՝ Ռուսաստանից, Լիբանանից և Չինաստանից։
Նստաշրջանի լիագումար նիստի շրջանակներում՝ ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում, օրինակ` դեկտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի «Պատկերագրական առանձնահատկությունները Վանի թագավորության կերպարվեստում» մենագրության շնորհանդեսը:
Այս առիթով փաստեմ` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում վերջին տարիներին ձևավորված ևս մեկ ավանդույթի մասին. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտները, ովքեր, որպես կանոն, հեռանկարային հետազոտողներ են, թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո ինստիտուտի տնօրինության հրավերով աշխատանքի են անցնում իրենց համար հարազատ դարձած Արվեստի ինստիտուտում։ Այդ ճանապարհն է անցել նաև Գայանե Պողոսյանը։ Նա 2021 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հեռակա ասպիրանտուրան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի 2021թ. նոյեմբերի 25-ի նիստում Գայանեն պաշտպանել է «Ուրարտուի (Վանի թագավորության) կերպարվեստի պատկերագրական առանձնահատկությունները» թեմայով (ԺԷ.00.03 – «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն») թեկնածուական ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2022 թվականին իմ անձնական հրավերով Գայանեն աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնում որպես գիտաշխատող՝ համալրերով Արվեստի ինստիտուտի երիտասարդ հետազոտողների շարքերը։ Իսկ անցյալ տարի 2 արժեքավոր գիտական հոդված է հրատարակել ՄԳՇ հանդեսներում։ 2024 թվականից Գայանեն ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի անդամ է։ Գիտահետազոտական ակտիվ ու բեղուն աշխատանքին զուգահեռ՝ երիտասարդ հետազոտողը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում։
Բոլորովին վերջերս հրապարակվեցին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2025» մրցույթի արդյունքները։ Մեծ ուրախությամբ նշեմ, որ հաղթող ծրագրերի շարքում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ներկայացրած «Մոնումենտալ քանդակագործությունը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով գիտական ծրագիրը, որի ղեկավարն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Ռուզաննա Միքայելյանը։ Ծրագրի հիմնական նպատակն է հայ արվեստագիտության մեջ առաջին անգամ համակողմանիորեն ուսումնասիրել հայկական մոնումենտալ քանդակագործությունը վերջին 35 տարիների ընթացքում, հետազոտել Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, խոշոր քաղաքներում ու մարզերում 1991-2024 թվականների ընթացքում տեղադրված հուշարձանները, բացահայտել հայ ժամանակակից մոնումենտալ քանդակագործության զարգացման միտումները և ձևակերպել հայ արդի մոնումենտալ քանդակագործության տեղն ու դերը հայ մոնումենտալ քանդակագործության պատմության մեջ։ Գիտական խմբի երիտասարդ անդամները ոչ միայն կհետազոտեն հայ ժամանակակից մոնումենտալ քանդակագործության վերաբերյալ արվեստաբանական գիտական գրականությունն ու պարբերական մամուլի արձագանքները, հարցազրույցներ կվարեն Հայաստանի Հանրապետության տարածքում 1991-2024 թվականների ընթացքում տեղադրված հուշարձանների հեղինակ-քանդակագործների հետ, այլև կկազմեն 1991-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված հուշարձանների լիարժեք ցանկն ըստ առանձին քաղաքների՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Սիսիան և այլն, տեղում կլուսանկարեն այն բոլոր հուշարձանները, որոնք 1991-2024 թվականների ընթացքում տեղադրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Երևանում, խոշոր քաղաքներում ու մարզերում։ Բնականաբար՝ երիտասարդ արվեստաբանների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղադրված հուշարձանները։
Հարցին` ովքե՞ր են իրականացնելու այդ գիտահետազոտական աշխատանքները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինչպես արդեն նշեցի՝ Խմբի ղեկավարն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Ռուզաննա Միքայելյանը։ Նա 2023-ի դեկտեմբերին ավարտել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հեռակա ասպիրանտուրան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում Ռուզաննան պաշտպանել է «Հայաստանի կինոթատրոնների ինտերիեր դիզայնը» թեմայով (ԺԷ.00.03 – «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն») թեկնածուական ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Ռուզաննան հեղինակ է 12 գիտական հոդվածների, մասնակցել է 7 միջազգային և հանրապետական գիտաժողովների: Ասպիրանտուրայում ուսումնառությանը զուգահեռ՝ երիտասարդ հետազոտողը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Իմ անձնական հրավերով՝ Ռուզաննան 2024 թվականի օգոստոսին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Նշեմ նաև, որ Հանրային հեռուստատեսության նախաձեռնած «Գիտության դեմքեր» հույժ կարևոր հաղորդաշարը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում գործող երիտասարդ գիտնականներին ու նրանց հետազոտությունները, մեկնարկեց հենց Ռուզաննա Միքայելյանին նվիրված հաղորդումով։
Խմբի անդամներն են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, շուրջ 10 գիտական հոդվածների հեղինակ Արմինե Պետրոսյանը, որն առաջիկայում կպաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը, և Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, արվեստաբան Արաքսյա Հակոբյանը։ Գիտական թեմայի արտասահմանյան գործընկերն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սուչժոու համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի հետդոկտորանտ (postdoctoral fellow), հետազոտող, PhD Անի Մարգարյանը։ Նախագծի կատարման ընթացքում նա կմասնակցի հետազոտական աշխատանքներին, համատեղ քննարկումներին, սեմինարներին և կլոր սեղաններին, ինչպես նաև իր խորհուրդներով կնպաստի հետազոտական աշխատանքների բարեհաջող իրականացմանը։
Օտարերկրյա գործընկերոջ և Խմբի համագործակցությունը կիրականացվի ինչպես Հայաստանում՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, որտեղ կհյուրընկալվի Անի Մարգարյանը, այնպես էլ հեռավար ձևաչափով։ Գիտական ուսումնասիրությունների ընթացքում նախատեսվում են նաև ստեղծել հայ ժամանակակից մոնումենտալ քանդակագործության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութեր։ Եվ շատ ուրախ կլինենք, եթե «Առավոտի» էջերում ևս հնարավոր լինի հանրայնացնել հայ ժամանակակից մոնումենտալ քանդակին նվիրված մեր երիտասարդ արվեստաբանների հետազոտությունների արդյունքները՝ գիտահանրամատչելի հոդվածների տպագրությամբ։
Գիտական ծրագիրը կավարտվի «Մոնումենտալ քանդակը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով մենագրության շարադրմամբ: Այս գիտական ծրագիրն ունի ակնհայտ կիրառական նշանակություն։ Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել հայ կերպարվեստի պատմությանը նվիրված աշխատություններում, բուհական դասագրքերում ու դասընթացներում, ինչպես նաև ելակետ դառնալ նորագույն շրջանի հայ կերպարվեստի առավել մանրակրկիտ հետազոտության համար»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ