Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուներից մեկին՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնող պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանին այսօր ժամը 18․00-ին հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե։
Նա իր էջում տեղադրել է հեռախոսազրույցը Դավթյան ազգանունով կին քննիչի հետ, որը նրան անակնկալի է բերում՝ տեղեկացնելով, թե 2024թ. մայիսին պարեկային ծառայության աշխատակիցները արձանագրություն են կազմել առ այն, որ Ռուբեն Մխիթարյանը, վարորդական իրավունք չունենալով, մեքենա է վարել։
Թեկնածուն անակնկալի է գալիս՝ նշելով, որ նման բան չի հիշում, քննիչը նրան փոխանցում է. «Կգաք, տեղում հարցը կպարզենք»։
Նա ժամը 18․00-ին Ռուբեն Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության, որին ի պատասխան թեկնածուն մի քանի անգամ նշում է՝ իր փաստաբանը կկապվի քննիչի հետ, կորոշեն՝ երբ գալ հարցաքննության։ Թեկնածուն նաև շեշտում է, որ իր վարորդական իրավունքն իր մոտ է շատ վաղուց, ինքը չգիտի՝ ինչ ակտի մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Քննիչը, սակայն, հակադարձում է, որ ինքն է որոշում հարցաքննությունը երբ իրականացնել՝ պնդելով, որ Ռուբեն Մխիթարյանը ժամը 18․00-ին փաստաբանով կամ առանց փաստաբանի ներկայանա։
Ռուբեն Մխիթարյանը այս տեսանյութը տարածել է՝ հեգնելով․ «Բռնելոցին սկսվե՞ց, Սարիկ, շատ արդար պայքարի մեջ ես, հալալ լինի:
Բոլորին ուղարկի վրեքս։ Քննչականի օգնությունը գլխիցդ անպակաս:
Չեմ էլ հիշում, ջրծաղիկի պատվաստում փոքր ժամանակ արե՞լ եմ, թե՞ չէ: Ավանեսյանին էլ ուղարկի վրես, Սարիիիիկ, քաղքի տղա, լա՞վ ես»։
Թեկնածուն ակնարկել է, որ Գյումրին այն քաղաքը չէ, որտեղ որևէ մեկը մարդ բռնել տա, ու դա ներվի բնակիչների կողմից, դա այսպես ասած «քաղքի տղուն» անհարիր պահվածք է։
Ռուբեն Մխիթարյանը քննիչին ևս անդրադարձել է՝ կատակելով․ «Բարև, քննիչ Դավթյան, ես քեզ սպասում էի»։
Ի դեպ, Ռուբեն Մխիթարյանին տվյալ դեպքում քննչական հրավիրելը ըստ իրավաբանների, անօրինական է։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հարց է հնչեցրել․ «Ինձ ուղղակի մի անհամեստ հարց է տանջում․ ի՞նչ հիմքով են Ռուբեն Մխիթարյանին կանչում քննչական՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, եթե այդ արարքը Հայաստանում ենթադրում է վարչական պատասխանատվություն(ՎԻՎՕ հոդված 128):
Քրեորեն պատժելի չի:
Ցանկալի է հարցին պատասխանի հարցաքննության ժամը միանձնյա և անբեկանելի որոշող տիկին քննիչը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից