Վաղը՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին եւ անհատներին, ովքեր դեմ են գործող իշխանության՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականությանը, առաջարկելու է սկսել 200 հազար ստորագրության ստորագրահավաք, որով հնարավոր կլինի ՀՀ գործող իշխանության վստահության հանրաքվե կազմակերպել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միասին» շարժման խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը (լուսանկարում)։
«Նախ՝ մենք ուզում ենք, որ ժողովուրդը հուսախաբությունից դուրս գա եւ հասկանա, որ միասնական ուժը կարող է լուծել բոլոր հարցերը։ Մենք հասկանում ենք, որ այդպիսի փողոցային պայքարը ոչ միշտ է միանգամից բերում հաջողության, ավելին, շատերին կթվա, թե մենք երկարաձգում ենք ճանապարհը, բայց մենք գտնում ենք, որ այդպիսի գործընթացին մասնակցող ուժերի համախմբվածությունը գեներացնելու է նոր իրավիճակ։ Բայց եթե կլինեն այլ քաղաքական ուժեր, որոնք կասեն, որ այս հարցին վերաբերող շատ ավելի արագ լուծումներ ունեն, մենք նույնպես կմիանանք նրանց։ Բայց ես համոզված եմ, որ հանրաքվե կազմակերպելու գործընթացն ավելի հեռանկարային է եւ ճիշտ է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ 200 հազար ստորագրությունների հարցում շահագրգիռ պետք է լինի նաեւ Նիկոլ Փաշինյանը, ինքն էլ պետք է մասնակցի հանրաքվեի կազմակերպմանը, որպեսզի հասկանա՝ ինքն իրականում ժողովրդի մոտ վստահություն վայելո՞ւմ է, թե՞ ոչ, քանզի «մեզ ընտրել են, քվե են տվել» տիպի խոսակցությունները սպառել են իրենց, քանի որ իրենք ընտրվել են 2021 թվականին՝ ինչ-ինչ պատճառներով։ Այս տարիների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանցանքներ են կատարել, որոնք ժողովուրդը նրանց չի ներելու։
Շարժումն առաջիկայում նաեւ կլոր սեղանի շուրջ հանրաքվեի գաղափարը կքննարկի ընդդիմադիր ուժերի հետ, քանի որ կարծում են, որ նման հսկայական գործընթացի վարումը մեկ միավորի խնդիր չէ։
«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը վաղը՝ մարտի 21-ին, 18։00-ին Ազատության հրապարակում նախաձեռնում է հանրահավաք՝ «Տուն քանդողի թևից բռնում, վռնդում են․ Հայաստանը մեր տունն է՝ վռնդենք տնաքանդին» կարգախոսով»։
Հանրահավաքի մի հատվածն էլ նվիրված կլինի արցախահայության սոցիալական իրավունքների խնդրին։
«Նախ մենք պետք է մեր հայրենակիցներին կարողանանք պահել Հայաստանում՝ բարվոք պայմաններ ապահովելով նրանց համար։ Երկրորդ՝ վերջապես պետք է կարգավորվի նրանց իրավունքների հարցը․ առ այսօր անհեթեթ իրավիճակ է՝ նրանք պետք է հրաժարվեն Արցախի քաղաքացիությունից, դառնան ՀՀ քաղաքացի կամ մնան փախստականի կարգավիճակում։ Սա անորոշություն է, քանի որ բաց է գլխավոր հարցը՝ Հայաստանը պահանջատեր լինելո՞ւ է արցախահայության վերադարձի հարցում, պահանջելո՞ւ է ձեւավորել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ անվտանգ վերադառնան եւ բնակվեն իրենց տներում, Հայաստանը շարունակելո՞ւ է համարել, որ արցախահայերի ինքնորոշման իրավունքն իրենց լիակատար իրավունքն է․ որեւէ մեկն իրավունք չունի ժխտելու այդ իրավունքի իրականացումը»,- ասաց Արամ Սարգսյանը։
Շարժումը նաեւ արցախահայության սոցիալական իրավունքների իրացման գործողությունների փաթեթ կառաջարկի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ