Կառավարության այսօրվա նիստին զուգահեռ կառավարության շենքի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ասաց, որ այս իշխանություններն իրենց ամբարտավան կեցվածքը շարունակում են՝ հայտարարելով, թե ի՞նչ քայլեր պետք է անեն գերիների վերադարձի համար, որ չեն անում։ Նա նշեց, որ իրականում իշխանությունները ոչինչ չեն անում այդ ուղղությամբ։
Անդրադառնալով հարցին, որ Բաքվում ընթացող կեղծ «դատավարության» ժամանակ ադրբեջանցի զինվորները պահանջել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Զինվորներ, որոնք Ռուբեն Վարդանյանին գիտեն սոցցանցերից։ Եվ սա զավեշտ է, այս զավեշտը տեղի է ունենում աշխարհի եւ Հայաստանի կառավարության աչքերի առաջ։ Սա ուղղակի ծաղր է մեր պետության եւ մեր քաղաքացիների հանդեպ»։
Թանդիլյանը նշեց, որ եթե անկեղծություն կա այդ «խաղաղության օրակարգում» եւ ոչ թե դա գործարք է իշխանություն պահելու համար, ուրեմն պիտի նաեւ գերիներն ազատ արձակվեն։ Առանց դրա, ուղղակի անհնար է որեւէ փաստաթուղթ ստորագրել, առնվազն պետք է պայմանավորվածություն լինի, որ նախքան ստորագրելը պիտի վերադարձվեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ ասաց, որ կան բազմաթիվ գործիքակազմեր, որոնք հայանպաստ կառավարությունն ի վիճակի է իրականացնել գերիների ազատման հարցով։ «Աշխարհի բազմաթիվ երկրներ, միջազգային կառույցներ Հայաստանի իշխանության լռության կողքին բազմիցս բարձրաձայնում են գերիների հարցերը։ ՀՀ արտաքին քաղաքական գլխավոր օրակարգը պետք է դառնա հայ գերիների վերադարձը։ ՀՀ կառավարությունը միջազգային հանրությունից պետք է պահանջի հստակ պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են հայ գերիների առեւանգմանը եւ կեղծ դատավարությանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ