Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարծում ենք, որ հանդիպում պետք է տեղի ունենա՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»․ Արմեն Գրիգորյան

Մարտ 20,2025 13:08

«Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, եւ Հայաստանը վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասին»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը երեկվանից հայտարարում, որ պատրաստ է ստորագրել, ադրբեջանական կողմում կուտակումնե՞ր կան, հարձակման սպառնալիք կա՞, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Եվ հրապարակային շարունակում են աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստն արդեն համաձայնեցված է»։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական զինված ուժերն իբր կրակ են բացել իրենց ուղղությամբ, կեղծ մեղադրանքներ են։ «Շատ կարեւոր է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը եւս վերջերս սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Մենք եւս՝ պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որեւէ նման քայլ չի եղել։ Բնականաբար, դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողն այլ նախապայմաններ էլ է առաջ քաշում՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ տեքստն ամբողջովին համաձայնեցված է։ «Մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա՝ այդ պայմանագիրը ստորագրելու համար»,- հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է հրադադարի խախտում չանել, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի՝ կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում, բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանի հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որեւէ հարց չկա»։

Հարցին, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս գալո՞ւ են ՀՀ ինքնիշխան տարածքից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվել է»։

Ինչո՞ւ չի հրապարակվում այդ փաստաթուղթը, որպեսզի հասարակությունն իմանա, թե ի՞նչ է պատրաստվում ստորագրել Փաշինյանը, հարցին էլ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե ուշադիր հետեւեք ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել ենք։ Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա՝ պայմանագիրն ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռեւս օրվա եւ տեղի մասով համաձայնություն չունենք, երբ որ լինի, հրապարակային նաեւ տեքստը կներկայացնենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31