«Այս երկու օրը Նիկոլ Փաշինյանը գործերը թողած՝ պարբերաբար հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ փաստաթղթի ստորագրման պատրաստակամության մասին։ Ցանկանում եմ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ինքը հանձնարարական է տվել ՊՆ-ին պահպանել զինադադարը՝ չկրակել և այլն, դա մեր զինված ուժերին ուղղակի բարոյական-քարոզչական հարված է»,-ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա փաստեց՝ ՀՀ Զինված ուժերն իրենց պարտականությունների կատարման մեջ երբեք չեն դիմել սադրանքների․ «ՀՀ ՊՆ-ն այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ արշավի ընթացքում պարբերաբար հերքել է ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները։ ՊՆ-ն պարբերաբար շեշտել է պատրաստակամությունը սահմանում հրադադարի ռեժիմի վերահաստատման հարցում և գործողություններ անելու համար։ Մեկ անգամ ևս Նիկոլ Փաշինյանը շեշտելով, որ հանձնարարել է ՊՆ-ին պահպանել զինադադարը՝ անհարմար վիճակի մեջ է դրել մեր ԶՈՒ-ին և այսօր էլ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին»։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Ես վարչապետի ասածն այլ կերպ եմ ընկալել։ ՀՀ զինված ուժերը միշտ պատրաստ են հակահարված տալու, եթե հակառակորդը գործողություններ իրականացնի։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ մենք երբևիցե սադրանքների չենք ենթարկվելու։ Դա բնական է, քանի որ մենք ավելի մեծ նպատակ ունենք և դրան հասնելու համար գուցե պետք է մի քիչ էլ նման զսպվածության կոչերը դնենք սեղանին։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ Զինված ուժերը կարող են թերանալ իրենց պարտականություններում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ