Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Փաշինյանը նշել խաղաղության համաձայնագիր, Հայաստան-Ադրբեջան դե յուրե պատերա՞զմ է եղել, թե՞ այդպես է անվանում, որ չլինի:
Այդ դեպքում գուցե կարողանար հասնել չհարձակման պակտի ստորագրմա՞ն, որն առաջարկել էր Փաշինյանը, բայց որն անտեսել էր Ադրբեջանը, չնայած դե ֆակտո այդ պակտը Հայաստանին չէր ապահովագրելու հետագա ադրբեջանական հարձակումից, այնպես, ինչպես չի ապահովագրելու վերը նշված խաղաղության համաձայնագիրը՝ երբեմնի պայմանագիրը:
Ի դեպ, այն, որ Հայաստանին սկզբում ոչ թե պայմանագիր են ստորագրել տալու, այլ համաձայնագիր, դա պարզ էր վաղուց: Մոտ 1 տարի առաջ, երբ գաղտնազերծում էր արվել ադրբեջանական կողմից՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հարցն առանձին քննարկելու հետ՝ խաղաղության պայմանագրից դուրս, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Խաղաղության պայմանագիր» դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այն, ինչ ստորագրվի, իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր:
«…Մի օգտագործեք «խաղաղության պայմանագիր» ձևակերպումը, դա աշխատանքային անվանում է: Իրականում գործ ունենք սկզբունքների մասին համաձայնագրի կամ դեկլարացիայի հետ: Իսկ խաղաղության պայմանագրի կոմպոնենտները մշակման փուլում են դեռ, իհարկե, որոշ «տրեկեր» հայտնի են՝ փոխվարչապետերի մակարդակով խոսվում է կոմունիկացիաների վերականգնման մասին, սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով է ստեղծվել, ձևավորվում է ևս մեկ «տրեկ» հումանիտար հարցերով, օրինակ, եկեք հրաժարվենք միջազգային դատարաններում փոխադարձ պահանջներից: Սա նշանակում է՝ եկեք այս հարցերը բանակցային գործընթացի շրջանում իրար մեջ լուծենք: Ես այդպես եմ կարծում»,- մանրամասնել էր ադրբեջանցի դիվանագետը, ով ոչ մեկ անգամ նշել է, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր վերջնական տարբերակով լինել, եթե երկու երկրների միջև պետական սահմանի հաստատման խնդիր կա, գործընթացն ավարտված չէ:
Կարդացեք նաև
Ասվածին հավելենք, որ օրեր առաջ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր.
«Համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ, բայց և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանազատման գործընթացի վերջնարդյունքում ՀՀ-ն չի ունենա 29.743 քկմ տարածք: Չմոռանանք, որ դե ֆակտո այդքան տարածք արդեն իսկ չունենք։
Եվ որքան էլ պայմանագիր և համաձայնագիր բառերը հոմանիշներ լինեն, և առաջին հայացքից թվա, թե նույն միտքն են արտահայտում, իրականում դրանց միջև իմաստային տարբերություններ և նրբություններ կան: Բայց Նիկոլ Փաշինյանը սովոր է նման «բառախաղերի» և «բառային զիջումների», ինչն արտացոլված է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ապաշրջափակման մասին 9-րդ կետի մեջ։
Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել՝ «…կարող է թվալ, թե բառերի, ստորակետի փոփոխությամբ շատ բան չի փոխվում, բայց իրականում, բայց պետք է, որ հղումները ճիշտ արվեն»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու կամ որևէ բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելու շտապողականությունը, թերևս, իր ներքին և արտաքին պատճառներն ունի: Եվ այս օրերի՝ «հայկական կողմից հրադադարի խախտումների» մասին ադրբեջանական ապատեղեկատվության ինտենսիվությունը և հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության սեփական անունից առաջարկն Ադրբեջանին՝ ապացուցելու այդ մեղադրանքները, չեն կարող պատահականություն լինել, այդ թվում՝ որքանո՞վ է Փաշինյանը գործել իր թիմակից պաշտպանության նախարարի թիկունքում, կամ՝ որքանո՞վ է Սուրեն Պապիկյանը տեղյակ Ալիև-Փաշինյան հնարավոր ներքին պայմանավորվածություններից:
Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իրենց «երկաթբետոնե» փաստաթուղթ է պետք, ինչը հնարավոր է միայն ՀՀ նոր սահմանադրության ընդունման դեպքում կամ ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու: Այս առումով ՀՀ-ում դեռ խոստումներ են հնչել, ինչ-որ գործնական աշխատանքներ սկսել, բայց «հողի վրա» դեռ ՀՀ գործող սահմանադրությունն է՝ իր տարածքային պահանջներով, ինչպես ասում է Ադրբեջանը:
2026 թվականի ընտրություններից առաջ հերթական անգամ Ադրբեջանը կօգնի՞ Փաշինյանին և կհամաձայնի՞ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ցույց կտա ժամանակը, համենայնդեպս, հոդվածը գրելու պահին Փաշինյանի այս մասին ֆեյսբուքյան գրառումն ադրբեջանական մամուլում լայն և ոգևորված տարածում չէր գտել, ինչպես նմանօրինակ դեպքերում լինում է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փաստաթղթի ստորագրումը հետաձգում է ոչ թե այն պատճառով, որ համաձայնեցվածը շատ հայանպաստ է, այլ որովհետև, ըստ էության, ցանկանում է ստանալ միանգամից «երկաթբետոնե» փաստաթուղթ, քանի որ Փաշինյանի նկատմամբ վստահության պակաս կա, և ունի որոշակի վախեր՝ ՀՀ ներքաղաքական հնարավոր զարգացումների հետ կապված։
Այստեղ հարց է նաև՝ որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է տեղի ունենալու համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կադրից դո՞ւրս է դնելու իր ստորագրությունը, թե՞ այդ արարողությունը կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանին:
Իսկ հայ-ադրբեջանական սահմանին 3-րդ ուժի բացառման խոստումը կամ պայմանի կատարումը, ըստ էության, հեռուն գնացող է և տանում է դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։