Ինչո՞ւ է Ադրբեջանը փաստացի հրաժարվում ստորագրել «արդեն իսկ համաձայնեցված» փաստաթուղթը և «հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծությունների» մասին տեղեկություններ տարածելով՝ ռազմական նոր բախումների հող նախապատրաստում։
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարում է, որ իր երկիրը շուտով կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող հատվածի շինարարությունը, իսկ Ադրբեջանն իր տարածքով անցնող հատվածի շինարարությունն արդեն սկսել է, միջանցքն էլ կանցնի կամ Հայաստանով, կամ Իրանով։ Այս հայտարարությունը հնչում է այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն շատ արագ պիտի հստակեցնի իր քաղաքականությունն Իրանի նկատմամբ՝ ռազմական հարվածնե՞ր է հասցնելու, թե՞ ընդամենը փորձելու է կոշտ ճնշումներով «գործարք կնքել»։ Այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքի շինարարությունը սկսելու» մասին Թուրքիայի և Ադրբեջանի՝ գործնականում համատեղ հայտարարությունը Թրամփին ուղղված շատ հստակ առաջարկ է․ «Մեզ այդ միջանցքն այսպես թե այնպես անպայման պետք է, հիմա դո՛ւք որոշեք՝ կամ մեր առջև կանաչ լույս եք վառում, որ ուժով միջանցք բացենք Հայաստանի տարածքով, և այդպիսով Իրանը կտրենք հյուսիսից (համ էլ «միջին միջանցքի» պահեստային տարբերակի հարցը կլուծենք), կամ՝ եթե կանաչ լույս չեք տալիս, մենք իրար հետ կապվում ենք Իրանի տարածքով, ու այդպիսով ձեր և ձեր մերձավորագույն դաշնակից Իսրայելի թշնամի Իրանի դիրքերն ավելի են ամրապնդվում»։
Իսկ ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ինքնավստահ։ Որովհետև «գործարքն» ակնհայտորեն ձեռնտու է ԱՄՆ-ին, Թրամփի ընտրությունը՝ բավականին կանխատեսելի, Ռուսաստանն առանձնապես չի խոչընդոտի, որովհետև չի ցանկանա Հայաստանի պատճառով վտանգել ԱՄՆ-ի հետ հազիվ նորմալացող հարաբերությունները, Իրանն էլ միայնակ չի կարող կանխել «գործարքը»։ Դրա համար էլ առաջարկին զուգահեռ Ադրբեջանը նախապես նոր պատերազմի համար քարոզչական հող է նախապատրաստում՝ առանց որևէ ռիսկի․ եթե Թրամփը մերժի էլ՝ խնդիր չկա, նորից հռետորաբանությունը կփոխեն, կվերադառնան «կառուցողական դաշտ» ու կշարունակեն Հայաստանից զիջումներ կորզել բանակցությունների սեղանի շուրջ։
Մարկ Նշանյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: