Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մեր համար հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը եղել է Թուրքիան՝ Օսմանյան կայսրությունը»

Մարտ 20,2025 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ նշել է, որ իրական Հայաստանը ՀՀ-ն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով եւ սահմաններով։ Սակայն վարչապետն իր համար արձանագրել է, որ Հայաստանի տարածքի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրը շատերին ծանոթ չէ։

«Այստեղ հետեւյալ հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ թիվը մեզ ծանոթ չէ, չէ՞ որ դա մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Մի քանի հայտնի իրադրություններում քննադատություն է եղել՝ ինչո՞ւ եմ ես ճանաչել այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը, ո՞րն է դրա մոտիվացիան։ Ես ուզում եմ արձանագրել, որ դրա ամենակարեւոր մոտիվացիան եղել է այն, որ մենք նախ ինքներս պիտի ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,–ասել է նա։

Ըստ այդմ` Փաշինյանն առաջարկեց քննարկել «հայրենիք ու պետության հարաբերությունները»։

«Շատ երկար ժամանակ մեր գիտակցության մեջ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը, օրինակ` եղել է Պարսկաստանը։ Մեր համար հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը եղել է Թուրքիան՝ Օսմանյան կայսրությունը։ Մեր ընկալման մեջ հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը ռուսական կայսրությունը։ 20-րդ դարում մեր հայրենիքը էլի եղել է Հայաստանը, պետությունը՝ Խորհրդային Միությունը»,-ասաց Փաշինյանը նշելով, որ իր ընկալմամբ՝ հենց այդտեղ առաջացել են որոշակի խնդիրներ։

«Հայրենիքի դիրքերից պետությունը ընկալվում է որպես տոտալ մի բան։ Ստացվում է՝ Հայաստանը մեր հայրենիքն է, իսկ պետությունն այնքան էլ հարազատ չի մեզ»,-հայտարարեց Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝ չի լինում հայրենիքի քաղաքացիական օրենսգիրք, հարկային օրենսգիրք, այլ լինում է պետության հարկային կամ քաղաքացիական օրենսգիրք։

Հայրենիքում իրավունքների ու պարտականությունների հստակ համակարգ չի լինում, դրանք հստակ համակարգով գործում են պետության մեջ։

«ՀՀ քաղաքացի՛, պետությունը դու ես, դու ես Հայաստանի Հանրապետությունը»,-այս խոսույթն եմ առաջարկում նաեւ դնել իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ»,-հայտարարեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ սա արվում է, որպեսզի քաղաքացու ու պետության միջեւ օրգանական կապ ստեղծվի։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31