Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»: Մյուս կողմից՝ հերթական մեղադրանքն էր հնչել Արցախի իշխանությունների հասցեին, թե արցախցիներն իրենց «ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով» են կորցրել իրենց հայրենիքը:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ եթե խոսելու լինենք ապաշնորհ կառավարումից, ապա Հայաստանի օրվա իշխանություններից ավելի ապաշնորհ կառավարիչներ հայ ազգը երբևիցե չի ունեցել: «Նրանք այդ հարցում ամենավերին նշաձողն են զբաղեցնում՝ հաշվի առնելով իրենց իրարամերժ հայտարարությունները: Իրենց սխալ կամ, ինչու չէ, միտումնավոր վարած դիվանագիտության հետևանքով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ այն հայաթափվեց: Այդքանից հետո, իրենց ձեռագրի համաձայն, առ այսօր իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա, միշտ մեղավորներ են փնտրում, նորանոր մեղավորներ նշանակում: Դա իրենց ձեռագիրն է, որն արդեն տարբեր հարթակներում փաստվել է»:
Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի շուրջ Հայաստանի՝ բանակցող չլինելու մասով Գալստյանն ընդգծում է հետևյալը: «Շատ ողջունելի է, որ հասկացան՝ բանակցություններում միշտ պարտվում են և այսօր, որպես բանակցային կողմ, չեն կարող հանդես գալ: Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում