Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողի հետ զրույցում անհարգալից արտահայտություն թույլ տվեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության հասցեին: Վստահ եմ, որ հիշում եք նաեւ, թե ինչ հետեւեց դրան՝ ամբողջ իրավապաշտպան հանրությունն ալեկոծված էր՝ ցույցեր, այլատյացությունը դատափետող հայտարարություններ, բողոքի ակցիաներ:
Սակայն, երբ վերջերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նման արտահայտությամբ բնութագրեց մեկ այլ ազգային փոքրամասնությանը, այդ նույն հանրության կողմից՝ ոչ մի ծպտուն: Գուցե այդ քար լռության համար պետք է մեղադրել Դոնալդ Թրամփի՞ն, որի պատճառով իրավապաշտպաների ու քաղհասարակության դրամաշնորհները կրճատվել են եւ «ալեկոծվելու» փող չկա:
Բայց խորքային պատճառն այլ է. այն ժամանակ մենք չունեինք «ժողովրդի կողմից ընտրված իշխանություն» եւ «ժողովրդավարության բաստիոն» չէինք, իսկ հիմա այդ խնդիրները բարեհաջող ձեւով լուծված են: Երբ եվրոպացի կամ ամերիկացի պաշտոնյաները սկսում են փառաբանել մեր ժողովրդավարությունը, ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ ո՞ր աղբյուրներից են նրանք օգտվում: Գուցե հենց վերոհիշյալ իրավապաշտպանների զեկույցներից:
Եթե այդպես է, ապա, իհարկե, ամեն ինչ OK է: Այդ իրավապաշտպանները կարող են եւ չնկատել, որ մոտ մեկ տարի առաջ ԱԺ այն ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանին ոստիկանները թողել էին մենակ եւ «զարմանալի զուգադիպությամբ» հենց այդ պահին չգիտես որտեղից հայտնվեցին դիմակավորված բռնարարներ, որոնք դաժան ծեծի ենթարկեցին երիտասարդին: Իրավապահները մեկ տարվա ընթացում «չեն կարողացել պարզել», թե ովքեր են դա արել: Առաջ, երբ «բաստիոն» չէինք, նման գործերով զբաղվում էր օլիգարխների «ախրանան»: Բայց հիմա, դե գիտեք՝ մենք ո՛չ օլիգարխներ ունենք, ո՛չ էլ «ախրաննիկներ»:
Կարդացեք նաև
Առաջ ոստիկանները քաղմասերում խոշտանգում էին մարդկանց: Հիմա, ըստ արեւմտյան դիտորդների եւ համապատասխան իրավապաշտպանների, այլ զազրելի պրակտիկային վերջ է տրված: Հապա ի՞նչ է պատահել Տիգրան Ուլուբաբյանի հետ: Եվ ո՞ր ոստիկաններն են պատժվել այդ բռնությունների համար:
…Ես հասկացա. եթե «իշխանությունը պատկանում է ժողովրդին», ուրեմն ազգային հողի վրա վիրավորանքը վիրավորանք չէ, բռնությունը բռնություն չէ, ոստիկանական խոշտանգումը խոշտանգում չէ: Որովհետեւ դա, վերջին հաշվով, հենց «ժողովուրդն» է անում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Միմիակ էական տարբերութիւնը այն է որ նախկիններու պետերը ղարաբաղցի էին:
Այդ ատելութիւնն է բացառեալ հիմքը՝ այս, յետ-2018եան «Հայաստան»ին:
Մ. Հայդուկ Շամլեան