Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կոալիցիան լինելու է ժողովրդի հետ, ինչը բերելու է հաղթանակ». Փարաքար համայնքում «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյան

Մարտ 20,2025 00:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քարոզարշավն անցնում է ամենօրյա ռեժիմով, բարձր մակարդակով, ժողովրդի մեծ աջակցությամբ եւ շատ արդյունավետ»,-Aravot.am-ին մարտի 30-ին Փարաքար համայնքի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նորակերտ համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո ասաց «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը:

Նա իր եւ իր քաղաքական ուժի հնարավորությունները գնահատում է բարձր: Հարցին, թե մրցակից ուժերը ինչ-որ ձեւով արձագանքո՞ւմ են իրենց քարոզարշավին, նա պատասխանեց. «Ես չեմ հետեւում մրցակիցներին: Մենք մեր քարոզարշավն ենք անցկացնում՝ անհատապես շփվելով ժողովրդի հետ, զրուցելով եւ գնահատում ենք մեր արդյունքները:

Հիշեցնելով հանդիպման ժամանակ արտահայտած միտքը, թե իր առավելությունը քիչ խոսելու մեջ է, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ուներ, պատասխանը հետեւյալն էր. «Եթե հիշում եք, ասացի նաեւ, որ գաղտնիքն է այդտեղ: Կուզեմ, որ դա գաղտնիք մնա»:

Ի՞նչ կասեք այն մասին, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ այս համայնքում իրենք շատ բան չեն կարողանում անել, որովհետեւ ընդդիմադիրներն են խանգարում. «Ես հասկացա, թե խոսքն ինչի մասին է: Ասողները սխալ են ասում: Դա ունի պատմություն: Ես կանդրադառնամ այդ պատմությանը: Բայց անդրադառնամ, թե չանդրադառնամ, բոլորին էլ պարզ է այդ պատմությունը, երբ որ մենք առաջարկեցինք համատեղ կառավարել համայնքը, կանգնած միկրոֆոնների առջեւ ասում էին՝ 11-ը 10-ից շատ է: Այդ ժամանակ մեր կարիքը չկար: Իսկ երբ խնդիրներ ունեցան եւ համայնքի կառավարումը տապալեցին, այդ ժամանակ հիշեցին, որ կա Վալոդյա Գրիգորյան եւ կան մարդիկ, որոնք ավագանու անդամներ են: Այդ ժամանակ արդեն խնդրում էին, չեմ վախենում այդ բառից, որովհետեւ դա այդպես է, որ եկեք այս անենք, այն անենք: Հիմա էլ ասում են՝ մենք տապալել ենք: Մենք չենք տապալել: Ժողովուրդը շատ լավ գիտի ամեն ինչ: Ես տարիների ընթացքում հասցրել եմ շփվել յուրաքանչյուրի հետ: Ժողովուրդն իր գնահատականը մարտի 30-ին իր քվեով կտա: Նախորդ ընտրություններից հետո տեղի ունեցածը էլ չի լինի, որովհետեւ մեր կոալիցիան լինելու է ժողովրդի հետ, ինչը բերելու է հաղթանակ»,-ասաց Վալոդյա Գրիգորյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31