Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլգակովը 100 տարի առաջ մեզ նվիրել է ստեղծագործություն, որն առայսօր արդիական է. կկայանա «Շան սիրտը» ներկայացման  պրեմիերան

Մարտ 20,2025 12:30

Ներկայացումը ստեղծվել է միջազգային ստեղծագործական կազմի մասնակցությամբ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 23-ին կներկայացվի «Երեւան կինոակումբ» նախագծի հերթական՝ նախաձեռության արդյունքը, կկայանա «Շան սիրտը» ներկայացման պրեմիերան, որը բեմադրվել է ըստ Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի: Սա միջազգային նախագիծ է, որտեղ ներգրաված դերասաններն են՝ Ալեքսանդր Ֆեկլիստովը, Սեմյոն Շտեյնբերգը, Սերգեյ Գրիգորյանը, Պոլինա Վիտորգանը, Գրիգորի Սլուժիտելը, Իրինա Սոբոլեւան, ռեժիսորն է Կոնստանտին Կամենսկին, նկարիչը՝ Իրինա Վուսը:

«Առավոտը» «Երեւան կինոակումբի» հիմնադիր, պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովի միջոցով կապվել է ներկայացման ռեժիսոր Կոնստանտին Կամենսկիի եւ կինոյի ու թատրոնի ճանաչված դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովի հետ ու խոսել ներկայացման մասին:

Կոնստանտին Կամենսկիի խոսքով, մեր օրերում բարդ է գտնել այնպիսի ստեղծագործություններ, որ լինեն արդիական, կարողանա միավորել ռուսալեզու լսարանին, դրանցում յուրաքանչյուր ոք գտնի այն, ինչ իրեն է անհրաժեշտ:

Կոնստանտին Կամենսկին

«Նման ստեղծագործությունների շրջանակը, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում են մարդկանց ու հասկանալի են բոլորին, շատ փոքր է: Միխայիլ Աֆանասեւիչ Բուլգակովն իր ստեղծագործություններով, մասնավորապես՝ «Շան սիրտը» վիպակով, այն քիչ հեղինակներից է, որին շատերն են ճանաչում եւ սիրում: Այդ վիպակում եղած իրադարձություններն այսօր էլ արդիական են: Այնպես որ, ռեժիսորի համար «Շան սիրտը» ընտրության առումով թիվ 1-ն է»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Կոնստանտին Կամենսկին:

Նրա խոսքով, ներկայացման առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծում ընդգրկված ստեղծագործական կազմի անդամները տարբեր երկրներից են, իսկ ներկայացումն արտացոլում է ռուսական մշակույթի այն վիճակը, որը գոյություն ունի այժմ. «Ապրելով տարբեր վայրերում՝ այժմ բոլորս միավորվել ենք, որպեսզի բեմադրվի այս ներկայացումը: Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ սա շատ հավակնոտ նախագիծ է, եւ յուրօրինակ փորձ՝ մեծամասշտաբ ներկայացում անելու: Հաճախ ստեղծագործական կազմերը փոքր բեմադրություններ են անում, ինչը տեխնոլոգիապես եւ բոլոր առումներով հարմար է, բայց մեծ մասշտաբի ներկայացում անելը՝ այն էլ ռուսական թատրոնի ավանդույթներով, որով նաեւ հնարավոր կլինի շրջել աշխարհով մեկ, արդեն իսկ լուրջ հայտ է:

Թատրոնը եւ թատերական ավանդույթները կենդանի են այնքան ժամանակ, քանի դեռ արվում են մեծամասշտաբ ներկայացումներ: Այնպես որ՝ մեզ համար սկզբունքային էր այս ձեւաչափով ներկայացում բեմադրելը, որը պետք է շրջի աշխարհով մեկ, որին սպասում է ռուսախոս հանդիսատեսը՝ անկախ բնակության վայրից, լինի Եվրոպա, ԱՄՆ, Անդրկովկաս, թե Ասիա»:

Ռեժիսորն ընդգծեց, որ Բուլգակովի տեքստին չեն դիպել, ընդամենը տարեթվերն են հանել. «Բուլգակովի տեքստից հեռացնելով տարեթիվը, մենք հանդիսատեսին հնարավորություն ենք տալիս պատկերացնել, որ Միխայիլ Աֆանասեւիչ Բուլգակովը այս գործը գրել է 2024թ.: Եվ իսկապես տպավորություն է, թե նա «Շան սիրտը» գրել է հիմա եւ այստեղ: Փաստորեն, Բուլգակովը 100 տարի առաջ մեզ նվիրել է ստեղծագործություն, որն առայսօր արդիական է: Դրա համար էլ նա մի դասական է, որի ստեղծագործություններն անգամ իր մահից հետո չեն հնանում՝ ի տարբերություն այլ հեղինակների»:

Ալեքսանդր Ֆեկլիստովը

Ալեքսանդր Ֆեկլիստովի խոսքով, այսօր բեմադրվող ներկայացումը ժամանակային առումով համընկնում է 100 տարի առաջ այն տարեթվի հետ, երբ 1925թ. գարնանը Բուլգակովը Մոսկվայում «Շան սիրտը» կարդում էր իր ընկերների համար: Ֆեկլիստովը նշեց, որ Բուլգակովի վիպակը հրատարակվել է 1987թ., բայց դրանից տարիներ առաջ, 1981-ին, երբ ինքն ավարտում էր ինստիտուտը, իրենց դասախոս Նիկոլայ Սկորիկը պայմանավորվել էր Բուլգակովի երկրորդ կնոջ՝ Լյուբով Բուլգակովայի հետ, որպեսզի հյուրընկալի իրենց:

«Մենք հյուր գնացինք նրան, դա բացառիկ իրադարձություն էր իմ կյանքում: Մեկսենյականոց բնակարանում այնքան շատ կատուներ կային, երեւի մի 20 կատու: Բուլգակովի կինը ցույց էր տալիս սենյակի իրերը եւ տնավարի պատմում էր, թե ինչպես են սեղանը, իր խոսքով, Միշայի հետ միասին գնել, կամ պահարանը ով է նվիրել Միշային… Բնակարանը լեփ-լեցուն էր բազմալեզու գրքերով՝ Բուլգակովի թարգմանություններով: Այդ հանդիպումն ինձ համար այնպիսի՜ շոկ էր, որովհետեւ շփվում էինք կենդանի լեգենդի հետ»,- հիշեց Ալեքսանդր Ֆեկլիստովը:

Ապա հավելեց. «Ես նկարահանվել եմ ըստ Բուլգակովի գործի՝ «Կարմիր կղզին» ֆիլմում: Բայց նրա «Շան սրտի» հետ որպես դերասան՝ առաջին անգամ էի առնչվում… Համանուն ֆիլմում ժամանակին հրաշալի խաղացել է Եվգենի Եվստիգնեւը, ում հետ բախտ եմ ունեցել խաղալ ՄԽԱՏ-ում… Ու հիմա Եվգենի Եվստիգնեեւի գծած ուղով գնալը լուրջ խնդիր է, պետք է մտածել՝ ինչպես գտնել քո ճանապարհը…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝

Կոնստանտին Կամենսկիի եւ Ալեքսանդր Ֆեկլիստովի ֆեյսբուքյան էջերից

«Առավոտ» օրաթերթ
19.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31