Սկիզբը՝ այստեղ:
«Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է զրոյի». Ադրբեջանի նախագահի հրապարակային մեղադրանքները շարունակվում են
Բաքուն ու Երեւանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն` երկրի ԱԳ նախարարի մակարդակով ազդարարեց, որ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք համաձայնեցված չէին: Բաքուն «հաջորդ փուլում» ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի: Պաշտոնական Երեւանը` ԱԳՆ-ի մակարդակով հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, իսկ ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ Երեւանը լռություն պահպանեց։
Նույնիսկ պաշտոնական Երեւանի ունեցած դիրքորոշման պայմաններում` Ալիեւը ի լուր աշխարհի հայտարարեց, որ չի վստահում Հայաստանին եւ հրապարակավ պահանջեց Բաքվի ակնկալած մյուս զիջումների իրագործումը:
Կարդացեք նաև
Նույն օրը, երբ կողմերը հայտարարեցին խաղաղության բանակցությունների ավարտի մասին` Ալիեւը «Բաքվի գլոբալ ֆորումի» ընթացքում հայտարարեց. «Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է զրոյի» եւ որ Բաքվին փաստաթղթեր են պետք։ «Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Ինչ նրանք մեզ ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մեզ փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց Սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք դեռ առկա են», – հայտարարեց Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը կրկին բարձրացրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ «Սա մեր ուղերձն է Հայաստանին եւ մենք հայտարարում ենք՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու ոչ մի տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ինչո՞ւ չեք միանում մեզ եւ ԵԱՀԿ-ն լուծարելու համատեղ հայտարարություն ներկայացնում։ Չեն ուզում»,- նշել էր Ալիեւը։
Ալիեւը հյուրերի առջեւ հանդես էր եկել որպես խաղաղության առաջամարտիկ, ապա դժգոհել, որ Եվրոպան, չգիտես ինչու, խաղաղության աղավնի Հայաստանին է համարում։ «Մենք պետք է ապագային նայենք։ Մեզ խաղաղություն է պետք Հարավային Կովկասում, եւ հենց դրա համար Ադրբեջանը դարձավ խաղաղության գործընթացի նախաձեռնողը։ Ըստ էության, Ադրբեջանը նույնիսկ խաղաղության պայմանագրի հեղինակն է», – ասել է նա։
Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե հայերը պատերազմի են պատրաստվում, ռազմական կարողություններն ավելացնում են։ «Ֆրանսիացիների տված մահաբեր զենքը մեզ է ուղղված», նշել էր Ալիեւը, այնուհետեւ անցել էր ԵՄ դիտորդների թեմային. «Գիշեր-ցերեկ նրանք մեր սահմաններին են, լրտեսների պես ծիկրակում են՝ հարմար սողանցք գտնեն մեր կողմ թափանցեն։ Մեր ձեռքի տակ բավարար տվյալներ կան այդ, այսպես կոչված, դիտորդական առաքելության մասին»։
Մինչ Երեւանն ու Բաքուն սկսել էին շնորհավորանքներ ստանալ` Բաքվից հասկացնել էին տալիս` «դեռ վաղ է քննարկել, թե որտեղ ենք ստորագրելու սպասված պայմանագիրը»։
«Սպասում ենք, որ հայկական կողմը մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները հանի Սահմանադրությունից ու լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը», – հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը` հավելելով, որ կոնֆլիկտը կարգավորված է, ԵԱՀԿ Մինսկի խումբն անելիք չունի: Նա նաեւ նկատել էր, թե Հայաստանում ռեւանշիստական ուժեր կան։ Ադրբեջանցի պաշտոնյան նույնպես եվրոպական դիտորդների ներկայությունը սահմանին լուրջ սպառնալիք էր համարել Հարավային Կովկասի համար։ «Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու մասին, կարեւոր է բացառել այս գործոնները։ Հարաբերությունների կարգավորման համաձայնագրում երկու կետեր էին մնացել, մեկը երրորդ ուժերի բացառումն էր սահմանին՝ սրան Հայաստանը համաձայնեց», – նշել էր Մամեդովը։
Այն, որ Հայաստանը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, ամիսներ առաջ արդեն իսկ պարզ էր:
Տարեսկզբին «Ազատության» հարցմանն ի պատասխան վարչապետի գրասենյակից հայտնել էին` Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։ Հիշեցրել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։
2025թ. հունվարի 8-ին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ Փաշինյանն ընդգծել էր, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան եւ ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու եւ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:
«Ազատության»-ն ուղարկված պատասխանում նշվել էր՝ «Հայաստանի Հանրապետությունը միանշանակ եւ աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաեւ վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կառավարությունից կարեւորել են, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ եւ աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»: Վարչապետի գրասենյակից նաեւ ընդգծել էին, որ այս թեմաները քննարկվել էին Փաշինյան-Ալիեւ՝ 2024թ. հոկտեմբերին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հունվարի 9-ին Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ էր արել, ինչը եւ տեւական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երեւանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։
«Ռազմագերիների ազատ արձակում, արցախահայերի վերադարձ». Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւը
Պաշտոնական Երեւանի հարմարվողական կեցվածքի պայմաններում անգամ` միջազգային հանրությունը պաշտոնական Բաքվին դեռեւս պահանջներ է ներկայացնում: Եվրոպական խորհրդարանը պնդում է, որ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ, Եվրախորհրդարանն անցյալ շաբաթ հրատապ կարգով բանաձեւ ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին, կոչ անելով Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։
Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծում էր՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։ «Մենք այլեւս չենք կարող լռել», – ըստ «Ազատության», բանաձեւի քննարկմանը հայտարարել է փաստաթղթի համահեղինակներից Մարինա Մեժուրը։ «Այդ մարդկանց միակ հանցանքն այն է, որ պաշտպանել են իրենց հողը, իրենց ժողովրդին ու իրենց իրավունքները։ Եթե մենք հիմա ոչ մի քայլ չձեռնարկենք, կնշանակի՝ հստակ ուղերձ ենք հղում Ալիեւին, որ նա կարող է շարունակել այն, ինչ անում է Հայաստանի հետ»։
Բանաձեւը պահանջում է, որպեսզի Եվրամիությունը կոնկրետ պայմաններ դնի Ադրբեջանի առջեւ, այդ թվում՝ պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաեւ երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ Արցախ նրանց վերադարձի իրավունքը։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել եւ հետեւել հայերի դատավարություններին։
«Այս հարցով միայն մենք չէ, որ պիտի զբաղվենք», – հայտարարել էր Կատարինա Վիերան, հավելելով. «Ես ուրախ եմ, որ այս խորհրդարանը շարունակաբար հետեւում է այս հարցին, բայց, ցավոք, տպավորություն է, որ մենք եվրոպական միակ կառույցն ենք, որ զբաղվում ենք դրանով։ Մենք չենք կարող շարունակել նախկինի նման հարաբերվել Ադրբեջանի հետ՝ զոհաբերելով մեր արժեքները տնտեսական ու էներգետիկ շահերին»։
Պատգամավորների ելույթներում կարմիր թելով անցնում էր քննադատությունը Միության արտաքին քաղաքականությունը որոշող Եվրահանձնաժողովի հասցեին, որի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2022-ին՝ 44-օրյա պատերազմից ու Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներից հետո ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել Իլհամ Ալիեւի հետ՝ ադրբեջանական գազի մատակարարումներն ավելացնելու մասին։
Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Բելամին հարց էր ուղղել՝ ինչո՞ւ է Ուկրաինայի դեմ Պուտինի հարձակումը պատժվում, իսկ Ալիեւի ագրեսիան՝ մնում անպատիժ. «Ինչպե՞ս կարող եք արդարացնել գազի ներկրումը Ադրբեջանից։ Ինչպե՞ս կարող եք արդարացնել համագործակցությունը հանցագործների հետ, որոնք զազրելի ոճրագործություններ են իրագործում։ Արդյոք Բաքվից գազ ստանալը նույնքան անընդունելի չէ՞, որքան գազը Ռուսաստանից։ Նույն բանը չէ՞»։
Եվրահանձնաժողովից էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսենն էր եկել քննարկմանը։ Նա, ի տարբերություն պատգամավորների կոշտ բառապաշարի, խուսափեց անգամ ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերից։ «Եվրամիությունը կշարունակի հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ հետեւել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ արդար դատաքննությանը։ Մենք կօգտագործենք ամեն մի հնարավորություն՝ կոչ անելու Ադրբեջանին երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալվածների համար», նշել էր Յորգենսենը։
Խոստանալով գործի դնել ամեն մի հնարավորություն, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չէր հստակեցրել՝ կլինե՞ն, արդյոք, այդ շարքում նաեւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, ինչպես Եվրախորհրդարանն է առաջարկում։ Փոխարենը խոսել էր տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունից՝ հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ. «Կարեւոր է, որ երկու երկրների կառավարություններն իրենց հասարակություններին տանեն խաղաղության ճանապարհով։ ԵՄ-ը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով։ Մենք պատրաստակամ ենք օգնել տեւական ու կայուն խաղաղության հասնելու՝ կողմերի երկխոսությանը»։
Ի դեպ, մինչ եվրոպացի պատգամավորներն Ադրբեջանին դատապարտող բանաձեւն էին ընդունում Ստրասբուրգում, Շառլ Միշելը, որպես պաշտոնաթող դիվանագետ, նույն օրը Եվրոպայի միասնության ու արժեքների մասին ելույթ էր ունենում Ադրբեջանում։ Նա «Բաքվի գլոբալ ֆորումի» պատվավոր հյուրերից էր։
Ադրբեջանը, բնականաբար, դատապարտեց Եվրախորհրդարանի վերոնշյալ բանաձեւը, որը պահանջում էր անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլի Մեջլիսը պնդել էր, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության եւ արդարադատության սկզբունքները, ինչպես նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։ «Միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան վերականգնելով իր տարածքային ամբողջականությունն՝ Ադրբեջանն ունի բոլոր օրինական իրավունքները՝ պատասխանատվության ենթարկելու ծանր հանցագործությունների մեղավորներին, այդ թվում՝ զինված անջատողականության, խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների եւ ահաբեկչության համար», – ասվում էր հայտարարության մեջ։
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2025