Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախկին դեսպանն «Առավոտին» տրամադրեց 20 տարի առաջ գույքի գրանցման կադաստրի վկայականը

Մարտ 20,2025 13:30

Հայցվորն իրավունք չուներ իրեն չպատկանող գույքի վրա վերանորոգումներ անել

Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, ապա Բրազիլիայի փոխհյուպատոս, Բրազիլիայի քաղաքացի Հովսեփ Սեֆերյանի դեմ 2019թ.-ին սկսած դատական գործընթացները դեռ չեն ավարտվել:

2019թ. մայիսի 24-ին դատարան մուտքագրվեց Պետրոս Բաբաջանյանի հայցադիմումն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության եւ ընդհանուր գույքի մյուս համասեփականատիրոջ կողմից այն ձեռք չբերվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:

Դատարանը (դատավոր՝ Ա. Բադիրյան) 2019թ. հունիսի 10-ի որոշմամբ հայցադիմումն ընդունեց վարույթ, օգոստոսին նշանակեց նախնական դատական նիստ,.իսկ երկու տարի հետո՝ 2021թ.-ի որոշմամբ կողմերի միջեւ բաշխվեց ապացուցման պարտականությունը:

2024թ. հունիսի 7-ին միայն գործը մակագրվեց դատավոր Ն. Հարությունյանին, ով նույնպես նշանակեց նախնական դատական նիստ, բաշխեց ապացուցման պարտականությունը:

2024թ. հունվարի 30-ից մինչ այս տարվա հունվարի 31-ը նշանակված նախնական դատական նիստերը հետաձգվում էին, իսկ այս տարվա հունվարի 31-ին դատարանը գործը նշանակեց վերջապես դատաքննության. այն տեղի կունենա մարտի 27-ին, ժամը 15.00-ին:

Հովսեփ Սեֆերյանը «Առավոտին» ներկայացրել էր վիճարկվող անշարժ գույքի՝ Վանաձորի Ան. Շիրակացու փողոցի թիվ 19 հասցեի վարչական շենքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի նվիրատվության 20 տարի առաջ կնքված պայմանագրի հիման վրա իրավունքի գրանցման վկայականը:

«Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այս դատարանում առկա 25 միլիոն դրամի հայցադիմումը ձեւական է եւ միտված է հաշտության պայմանագրի կնքման: Իրականության մեջ ինձ պատճառված վնասը բազմապատիկ ավելի է, ինչպես կփաստեն կցված փաստաթղթերը, ի սեր խաղաղության ես զիջում եմ իրավունքներս, որպեսզի այս երկար եւ ցարդ ձգձգվող պարագան իր ավարտին հասնի»,-ասում է 73-ամյա պարոն Սեֆերյանը, ով նաեւ դիմել էր դատարանին:

Սեֆերյանն իր ձեռքի տակ ունի ստացական, որը, ըստ նրա, վկայում է, որ նոտարական վավերացումով գրանցված Ան. Շիրակացու փողոցի թիվ 19 շենքի արժեքը եղել է 120 հազար դոլարին համարժեք 36 միլիոն 860 000 դրամ, դոլարի կուրսը եթե հաշվենք այդ ժամանակվա կուրսով՝ 307 դրամ էր…

Մինչդեռ, պատասխանողը վճարել է 8, 5 միլիոն դրամ հավելյալ փոխհատուցում:

Իսկ թե ինչու է ստացականում նշվել դոլարով, նա նշում է. «Ստացականը կարելի էր տալ պարզապես դրամով, բայց տրված ըլլալով, որ տարաժամկետ վաճառքի հետ գործ ունէինք, տղամարդկայնորեն համաձայնեցված էր, որ 200 000 դոլար գումար պիտի ստանայի, այդ պատճառով տրված էր այս ձեւակերպումը»:

Ըստ Սեֆերյանի, առքուվաճառքից հետո, գույքը Բաբաջանյանի անունով չի եղել, գրանցվել, իսկ նա իրեն չպատկանող գույքի վրա իրավունք չուներ վերանորոգման աշխատանքներ կատարել:

Պարոն Սեֆերյանն ասում է, հայցվորը չպետք է սպասեր չորս եւ ավելի տարիներ, որպեսզի դիմեր դատարան, պահանջելով իր վճարած գումարի վերադարձը. «Իմանալով, որ պետք է գնամ Երեւանից՝ դիվանագիտական ծառայությունս Աֆրիկայում պետք է շարունակեմ, դատական գործընթացներն առանց ինձ կազմակերպվեց, առանց իմ մասնակցության»:

Սեֆերյանին զարմացնում է այն, որ դատարանում ներկայացված է, թե իբր վերանորոգումները իր թույլտվությամբ են իրականացվել, ու պարզ չէ, թե ով է իրականացրել այդ վերաշինության աշխատանքները, երբ են դրանք սկսվել, եւ ավարտվել, ուր են այդ աշխատանքները հավաստող փաստաթղթերը. «Ինչու այդ վերանորոգումները ստացման-հանձնման կարգով ակտով մը ինծի չփոխանցվեցաւ, հակառակ անոր, որ ծախսուած գումարը պահանջվեց»:

Դատարանն, ի դեպ, արգելանք է դրել նաեւ Երեւանի Քեռու փողոցում գտնվող նախկին դեսպանի տան վրա…

Փորձագիտական ANIGOM ընկերությունն այդ տունը գնահատել է 402.058.000 դրամ, իրականում այս գնահատականը շուկայական արժեքի կեսից պակաս է, արդյունքում, նա զրկված է վարձակալության տալ, ամսական 2,1 միլիոն դրամ ստանալ:

Իսկ Վանաձորի Շիրակացու տան՝ խնդրո առարկա շենքի կադաստրային արժեքը 103.011.987 դրամ է, եւ ըստ պարոն Սեֆերյանի. «Կարծես թէ Վանաձորի խնդրո առարկայ շենքը չէր բավարարեր արդարադատության իմաստով իրենց ապահովության պահանջը…»:

Իր իրավունքների զիջման մասին հարցիս, թե արդյոք, որոշ զիջումներ չե՞ք արել, պարոն Սեֆերյանն ասում է. «Առանց վիճելու ընդունեցի բոլոր պայմանները, քանզի Բրազիլիայի պետության դիվանագիտական կորպուսին կը պատկանէի, եւ կը խուսափէի սկանդալային որեւէ դրսեւորումից, այժմ արդէն իբրեւ թոշակառու մարդ հանգիստ կրնամ իրավունքս պաշտպանել»:

Արգելանքի տակ դրված շենքերի հասցված վնասը ավելին է, քան այն «վերանորոգման» ծախսերը, որոնք պահանջում է հայցվոր կողմը…մարդը զրկված է իր անշարժ գույքերը տնօրինելու իրավունքից, սրանով հանդերձ, պարոն Սեֆերյանը ակնկալում է հաշտության եզրեր գտնել, ավարտել դատական այս անիմաստ քաշքշուկը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31