Գյումրու ՏԻՄ ընտրություններին «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ռեժիսոր, պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանն օրերս իր հարցազրույցներից մեկում քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը 150 հոգի մարդ հավաքելով, եկել էր Գյումրի, քաղաքի կենտրոնը կոլապսի ենթարկել ու «քանդուքարափ ատամներով ղժղժում էր»։
«Մի մարդը յոթ տարվա իր ատամները չի կարողանում սարքել, պետություն ո՞նց պիտի սարքի»,-հարցնում էր թեկնածուն։
Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ատամները քաղաքական գործընթացներում դառնում են քննարկման բուռն թեմա․ դեռ 2021 թվականին ի աջակցություն վարչապետի՝ Գյումրիում հանրահավաք կազմակերպած Արտյոմ Թումանյանը, որն այժմ նույնպես Գյումրու քաղաքապետի թեկնածու է․ գլխավորում է ՀԱՍԿ կուսակցության ցուցակը, իր ելույթում, դիմելով մասնակիցներին, հարցրել էր․ «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի ատամները դեռ փոխված չեն»։
Կարդացեք նաև
Սա դարձել էր բուռն քննարկման, հումորի թեմա։
Արտյոմ Թումանյանն այդ ժամանակ Aravot.am-ին պարզաբանել էր, որ վարչապետի չսարքված ատամները որպես օրինակ մեջբերելով՝ նկատի է ունեցել նրա ազնիվ ապրելակերպը։
«Մենք ի նկատի ենք ունեցել, որ նախ ինքը թալանող չէ, պետությունը կեղեքող չէ։ Երկրորդ՝ այնքան շատ է աշխատում, որ ժամանակ չունի, չի հասցնում ատամները փոխել։ Օրուգիշեր աշխատում է, զբաղվում է մեր գերիներով, անհետ կորածներով, զոհվածներով, բոլորն իր ուսերին է, գիշերը ցերեկ է սարքել, ցերեկը՝ գիշեր։
Ժամանակ չունի սեփական կարիքները հոգալու․ ատամ փոխելն առաջին անհրաժեշտություն է, բայց իր համար այսօր առաջին անհրաժեշտությունը մեր երկրի վիճակն է։ Ինքն այնքան նվիրված է , ազնիվ, ոչինչ չի դիզել այս կյանքում, ոչ մեկին չի թալանել, ոչ մեկին չի սպանել, ունի այն, ինչ ունեցել է մինչև վարչապետ դառնալը։
Եթե որևէ մեկը կույր է, չի տեսնում, թող չտեսնի»,-ասել էր նա։
Այնպես որ վարչապետի ատամները ևս կարելի է ներկայացնել թե՛ հիացական և թե՛ բացասական տեսանկյունից՝ կախված նրանից, թե քաղաքական որ բևեռում ես։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ