Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձրեւը մաքրում է կեղտը, կյանք տալիս հողին». նորակերտցին «Միասնություն» դաշինքի հետ հանդիպման ժամանակ տեղացած անձրեւի մասին

Մարտ 19,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցում է երեք կուսակցություն եւ «Միասնություն» դաշինքը, որը ձեւավորել են «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցությունները: Քարոզարշավի համար հատկացված ամեն մի օր քաղաքական ուժերը փորձում են օգտագործել առավել արդյունավետ:

Այսօր «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը եղավ համայնքի ամենահեռավոր գյուղերից մեկում՝ Նորակերտում, որտեղ, չնայած անձրեւոտ եղանակին, գյուղի բնակիչները նրան դիմավորեցին որպես հարազատի, աղ ու հացով:

«Հիմա որ այստեղ, այս կոկիկ ու հարմարավետ վայրում, որտեղ հավաքվել ենք, առաջ խիստ անբարեկարգ էր ու որքան էլ տհաճ է հիշելը, ինչ-որ չափով աղբանոց էր հիշեցնում: Բոլորս ենք ականատեսը եղել, որ մեր Վալոդյան, որը մերձավանցի է, կազմակերպեց բարեկարգումը եւ հիմա այս տարածքը դարձել է գյուղի տարեցների, երիտասարդների ու երեխաների սիրելի հավաքատեղին»,- պատմեց գյուղացիներից մեկը:

«Մենք Վալոդյային վաղուց ենք ճանաչում: Նա մեր համայնքի ամենասիրված մարդկանցից մեկն է, որին հավասարապես հետաքրքրում են խոշորացված համայնքի մեջ մտնող բոլոր ինը գյուղերի խնդիրները: Յուրաքանչյուր գյուղ ունի իր առանձնահատկությունները, իր խնդիրները, որոնք եւ նույնական են, եւ տարբեր՝ միջհամայնքային ճանապարհներ, մանկապարտեզների եւ դպրոցների կահավորում, երիտասարդների համար ժամանցի կազմակերպման պայմաններ եւ այլն: Բայց գյուղացու համար ամենակարեւորը ոռոգման ու խմելու ջրի հարցն է: Այս ու բազմաթիվ այլ խնդիրներ դուրս չեն մեր թեկնածուի ուշադրությունից եւ տեղ են գտել նրա ծրագրում:

Վալոդյա Գրիգորյանը պարբերաբար շփվում է բոլորի հետ, լսում նրանց խոսքը ու աշխատում օգտակար լինել: Մենք գիտենք նաեւ, որ նա նպատակ ունի անել այնպես, որ բոլոր գյուղերն էլ առաջնահերթության կարգով զարգանան համաչափ: Մենք վստահ ենք, որ Վալոդյա Գրիգորյանը եւ նրա քաղաքական ուժը ի վիճակի են այս ամենը կյանքի կոչել: Դրա համար մեզանից պահանջվում է երկու բան՝ միասնություն եւ ընտրության օրը մեր ձայնը տալ նրան: Եվ քանի որ այս անձրեւոտ եղանակին էլ այսքան մարդ է հավաքվել այստեղ, վստահ ենք, որ մենք միասնությամբ կհաղթենք ու միասին էլ մեր համայնքը կշենացնենք»,-ասաց մեկ ուրիշ գյուղացի:

«Վերջապես եկավ այն օրը, որին մոտ հինգ տարի սպասել ենք: Մարտի 30-ին համայնքի ավագանի ենք ընտրելու: Եվ միահամուռ ուժերով պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ցանկությանը, մեր ձայնը տանք «Միասնություն» դաշինքին եւ մեր թեկնածու Վալոդյա Գրիգորյանին: Քիչ առաջ մեր գյուղացիներից մեկը տրտնջում էր, թե վատ եղավ, որ անձրեւ եկավ: Ես հակառակը կասեմ: Շատ լավ եղավ, որ այս պահին անձրեւ եկավ: Անձրեւ է պետք չէ՞, որ հողը ծիլ տա, անձրեւն է, որ մաքրում է կեղտը: Եվ մեր այս անձրեւը շատ խորհրդանշական է, շատ լավն է: Կուզենայի հենց հիմա շնորհավորել Վալոդյա Գրիգորյանին Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով, բայց քաղաքավարությունից դրդված մի քանի օր էլ սպասենք: Հաղթանակը շատ մոտ է:

Ուզում եմ այնպես լինի, որ մեզնից ամեն մեկը այսուհետեւ համայնքապետարանից դուրս գալիս ոչ թե դուռը իր հետեւից շրխկացնի, որովհետեւ գոմի դուռն են շրխկացնելով փակում, այլ իր խնդիրները գոնե 80 տոկոսով լուծում ստանան ու ասի շնորհակալություն: Ես հավատում եմ դրան, որովհետեւ լսել եմ, որ Վալոդյան իր թիմակիցներին միշտ ասում է՝ ընտրվելուց հետո պետք է անենք այնպես, որ գրասենյակ մտնողը, նշանակություն չունի՝ ՔՊ-ական է, թե մի ուրիշ ուժի ներկայացուցիչ, բավարարված հեռանա: Իսկ մենք էլ ինչ անում ու ասում ենք հիմա, անում ու ասում ենք ոչ թե Վալոդյայի, այլ մեզ համար, որպեսզի ունենանք բարեկեցիկ, մաքուր ու կոկիկ համայնքներ»,- ասաց ելույթ ունեցողներից մեկը:

Հանդիպման բոլոր մասնակիցները ելույթների ավարտին միասին գնացին Նորակերտի եկեղեցի եւ մոմ վառեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31