Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանց անմարդկային վարքագծին որեւէ այլ բացատրություն չկա, քան այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմին են փորձում դուր գալ»․ պատգամավորները միացան ցույցին

Մարտ 19,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պաշտպանություն Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝  քաղաքացիները բողոքի ցույց արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ, որին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր պատգամավորները։

«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում այս բռնությունների, խոշտանգումների ալիքը բառացիորեն կրում է համակարգված բնույթ։ Եվ ստեղծված իրավիճակում քաղաքական իշխանությունը հովանավորում է այս խոշտանգումները»,- լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ինձ առեւանգելու փաստով էլ այս շենքի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին, եթե իրատեսական լինեմ, շատ ակնկալիքներ չունեմ, որովհետեւ ոստիկանությունը քաղաքացիների անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված է միայն Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պաշտպանելով»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ոստիկանների կողմից քաղաքացիների խոշտանգման դեպքեր էլի են եղել, մեղավորները չեն պատժվել։ «Ես ենթադրում եմ, որ նաեւ ոստիկանները խրախուսվել են, եւ դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այս ամենը ես պատահական չեմ համարում, սա ուղղորդվում է իշխանությունների կողմից, սա հստակ ուղղորդված ու հստակ ծրագրավորված քայլ է՝ ցույց տալու իրենց վերաբերմունքն արցախցի մեր քույր-եղբայրների նկատմամբ։ Սրանց անմարդկային վարքագծին որեւէ այլ բացատրություն չկա, քան այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմին են փորձում դուր գալ, որ տեսեք՝ արցախցիներն այստեղ պաշտպանված չեն, մենք ոստիկանական բաժանմունքներում կարող ենք ամենավերջին լկտիությունը մեզ թույլ տալ։ Եթե որեւէ մեկին թվում է, թե կարող է սա մարսել, չարաչար սխալվում է, սա եւ մնացած բոլոր դեպքերը հատիկ առ հատիկ քննվելու են, մեղավորները պետք է կրեն ամենախիստ պատիժը։ Որեւիցե մեկն իրավունք չունի նման կերպ փորձել ցուցմունքներ կորզել։ Այս իշխանությունները մինչեւ ե՞րբ են Ալիեւի պահանջները կատարելու, սա Էրդողանի ու Ալիեւի պահանջն է, քի՞չ են արցախցիները տանջվել ու հալածվել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ արցախցիներն էթնիկ զտում ու ցեղասպանություն են ապրել, բայց որեւէ մեկն այդպես էլ չի գնահատել նրանց առողջական ու հոգեբանական վիճակը, որի հետեւանքները մենք հիմա ենք տեսնում։ «Եվ մեկ էլ պարբերաբար մենք այսպես աննորմալ, տրամանաբանության մեջ չտեղավորվող դեպքերի մասին ենք լսում՝ խոշտանգումների, արցախատյացության, արցախցիների թիրախավորման։ Փաստորեն Ադրբեջանի հայատյացության ու արցախատյացության քարոզը տեղափոխվել է Հայաստան, եւ մենք դրա դրվագները տեսնում ենք։ Մենք պետք է հասկանանք, որ սա մեզ այն կետին է տանում, որ այն, ինչ տեսնում ենք Ադրբեջանում, տեսնելու ենք նաեւ Հայաստանում»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն էլ նշեց, որ 2018 թվականից մինչեւ 2024 թվականը ոստիկանների մասնակցությամբ քաղաքացիներին խոշտանգումների 1100-ից ավելի դեպք է վարույթ ընդունվել, եւ միայն դրանցից 20-ն են գնացել դատարան՝ մեղադրական եզրակացությունով։ «Այսինքն՝ միանշանակ է, թե ինչ են անում։ Հիմա էլ երեւի Վանաձորում ոստիկանները տեսել են, ասել են՝ եթե պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ նման բռնություն է լինում, հետեւանք չի լինում, եթե իմ հետ կապված է լինում այդ բռնությունը տեսախցիկների առաջ, մեկ է, այդ ոստիկանների հանդեպ ոչ մի գործողություն չի լինում, իրենք էլ երեւի մտածել են՝ դե երեւի մեզ էլ է կարելի։ Ցանկացած անպատժելիություն ծնում է նոր հանցանք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշեց, որ միտում է տեսնում այս ամենում, որովհետեւ արցախահայության նկատմամբ ընդգծված քարոզ է տարվում իշխանական քարոզչական մեքենայի կողմից։ Ըստ Կրպեյանի՝ ոստիկանությունում մեկ բարեփոխում կա՝ համընդհանուր հպատակություն իշխող ուժի նկատմամբ։ «Ուժային կառույցները իշխող հանցախմբի միակ հենարանն են, առանց այդ հենարանի, իրենք չեն կարող իրենց աթոռներից կառչած մնալ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31