Ի պաշտպանություն Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի՝ քաղաքացիները բողոքի ցույց արեցին Քննչական կոմիտեի շենքի մոտ։ Նրանք Քննչական կոմիտեից պահանջում են արդար նախաքննություն։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ արցախցի երիտասարդին խոշտանգման ենթարկած ոստիկանների պաշտոնավարումը պիտի կասեցվի, որպեսզի նրանք չխոչընդոտեն ապացուցման գործընթացին։
Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով։ Սակայն այսօր պարզվեց, որ արցախցի երիտասարդին խոշտանգման ենթարկած 6 ոստիկաններից որեւէ մեկի ինքնությունը բացահայտված չէ, նրանք չեն ձերբակալվել։
Կարդացեք նաև
Տիգրան Ուլուբաբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց դեպքից․ «Ինձ անհիմն տարել հարցաքննել են, երկրորդ օրը ծեծել ու հայհոյել են։ Ծեծելը հեչ, եթե հայհոյած չլինեին, այսքան բանը չէր լինի։ Իրենք օրենքի մարդիկ են, բռնում անմեղ մարդուն տանում տփում են։ Իրենք իրենց պատասխանը պիտի տան, հիմա ես ո՞նց այդ քաղաքում սրանից հետո ապրեմ, եթե իրենց օրենքով չպատժեն, դրանից հետո ես այդ քաղաքում պիտի վախենալով ապրեմ։ Տարել են, ասել են՝ հեսա մշակում ենք քեզ, պրիզնատ արի, դու ես կազմակերպել։ Ես ասել եմ՝ եթե ես եմ կազմակերպել, ապացուցիր։ Ոստիկանության պետն ասում է՝ ես բոլոր սրբություններովս եմ երդվում, եթե դու պրիզնատ գաս, քեզ ստեղից չոր կհանեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ մինչ այս պահը հրապարակային տեղեկություն չունեն, թե ովքեր են այն 6 ոստիկանները, որոնք Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգել են։ Նա ասաց, որ երկու ոստիկանների ինքնությունն իրենք են պարզել։ «Այստեղ այնքան կարեւոր չեն Տիգրան Ուլուբաբյանի բժշկական տվյալները, որքան կարեւոր են ոստիկանների բժշկական տվյալները։ Մասնավորապես, ես նշել ու նշում եմ, որ առաջին հերթին պետք է պարզեն՝ ովքե՞ր են այդ վեց ոստիկանները, եւ ոստիկանների նկատմամբ պետք է նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ ոստիկանների ձեռքերի կամ ոտքերի վրա բռնություն գործադրելու հետքեր կան, թե՞ չկան։ Այս տվյալները մի քանի օր հետո ոչնչանալու են»,- ասաց Երիցյանը։
Նա նշեց, որ խոշտանգման դեպքերով ՀՀ Քննչական կոմիտեն ցուցաբերում է «թքած ունեմ» վերաբերմունքը։ Երիցյանն ասաց, որ 2023 թվականի նոյեմբերից փաստաբանական գործունեություն է ծավալում Հայաստանում, եւ այս ընթացքում արցախցիներին խոշտանգելու 30-ից ավելի դեպքերի է առնչվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցույցի մասնակիցները փակեցին ճանապարհը՝ հանդիպում պահանջելով Քննչական կոմիտեի որեւէ ներկայացուցչի հետ։ Ոստիկանները հորդորեցին բացել ճանապարհը՝ պատճառաբանելով, թե այլ մարդկանց տեղաշարժն են խոչընդոտում։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔԿ-ից տեղեկացրեցին, որ պատրաստ են ընդունել նրանց․ փաստաբան Ռոման Երիցյանին, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին եւ Տիգրան Ուլուբաբյանին հրավիրեցին քննարկման։ Հանդիպումից հետո Ռոման Երիցյանը հայտարարեց, որ դժգոհ են Քննչական կոմիտեից տրված պատասխանից։
«Մենք հանդիպում ենք ունեցել ՔԿ ներկայացուցիչների հետ եւ ստացել ենք հետեւյալ բովանդակությամբ պատասխաններ․ առաջին հարցը՝ արդյոք այս պահի դրությամբ պարզվա՞ծ են 6 ոստիկանի տվյալները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են պատասխանատվության։ Պատասխանը բացասական է, միանշանակ՝ ոչ, Քննչական կոմիտեն մինչեւ հիմա չգիտի՝ ովքե՞ր են այդ 6 ոստիկանները։ Հաջորդ հարցի պատասխանը՝ ձերբակալվա՞ծ է արդյոք ներկա դրությամբ որեւէ ոստիկան, եւս պատասխանը բացասական է, որեւէ ոստիկան ձերբակալված չէ, եւ այդպիսի գործողություն մոտ ապագայում չի նախատեսվում։ Երրորդը՝ Քննչական կոմիտեն առաջարկում է ընդամենը կազմակերպել Տիգրան Ուլուբաբյանի լրացուցիչ հարցաքննություն, այն դեպքում, երբ դատավարական տեսանկյունից դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Կոնկրետ ես Քննչական կոմիտեի պատասխանից դժգոհ եմ»,- հայտարարեց Ռոման Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցույցի մասնակիցները որոշեցին վաղը նույնպես հավաք անցկացնել Քննչական կոմիտեի շենքի մոտ։ Ռոման Երիցյանն ասաց, որ ոստիկանական կուտակումներ են նկատվում, 10-15 րոպեցին կարող են մարդկանց բերման ենթարկել, այսօրվա հավաքն իր նպատակին ծառայեց, կհավաքվեն վաղը։ «Վաղը՝ 17։30-ին Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է, կարող ենք այստեղ հավաքվել ոչ թե 100 կամ 200 հոգով, այլ 1000 կամ 2000 հոգով»,- նշեց Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տիգրան Ուլուբաբյանի լուսանկարը՝ Սիրանուշ Սարգսյանի