Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ է պայմանագիր, այլ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ՝ երկու անձերի հարաբերությունների հստակեցման». Մովսես Շահվերդյան

Մարտ 19,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ ՀԱՍԿ, Գյումրիում ընտրապայքար է մտել՝ կարեւորելով այդ ընտրությունները հատկապես ներկայիս իրողությունների պայմաններում: ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը չի բացառում, որ այդ ընտրությունները համահայկական մասշտաբով դերակատարում ունենան:

ՀԱՍԿ-ի ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանն, ում ընտրապայքարը մեկնարկեց էքսցենտրիկ դրսեւորումներով: Նա ի դեպ, անկուսակցական է:

«Գյումրիում մենք կկարողանանք հստակություն մտցնել քաղաքական դաշտում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մովսես Շահվերդյանը՝ հավելելով, որ երկրորդ եւ երրորդ նախագաների թիմերի եւ Նիկոլ Փաշինյանին ներկայացնող թիմերին զուգահեռ, ՀԱՍԿ-ը ցանկանում է օրակարգ բերել Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի քաղաքական գիծը եւ նրա թողած ժառանգությամբ մտնել ընտրապայքար՝ գյումրեցիներին ցույց տալով, որ ավագանու այս ընտրությունները ոչ թե թիմերի եւ անձերի ընտրություններ են, այլեւ քաղաքական ուղղությունների եւ գաղափարների:

«Ես կարծում եմ, գյումրեցիներն այնքան արժանապատիվ կլինեն, որ ՔՊ-ին կտան նվազագույն ձայներ, որովհետեւ ՔՊ-ն Հայաստանի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ թե արտաքին, թե ներքին քաղաքական կյանքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքական դաշտում տեսակետ կա, որ Գյումրիի ընտրությունները հարթակ են դառնալու համապետական արտահերթ ընտրությունների գեներացման համար. հետաքրքրվեցին՝ կա՞ն նախադրյալներ: Մեր զրուցակիցն ասում է՝ եթե անգամ չկան այդ նախադրյալները, դրանք պետք է ստեղծել, քանի որ Նիկոլ Փաշինյանը «ինքնագլուխ» որոշել է լուծել Ադրբեջանի հետ խաղաղության, սահմանազատման-սահմանագծման եւ համանման հարցեր, որոնք համապետական նշանակության են, մինչդեռ որեւէ ընտրությամբ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի լիազորել նման հարցեր լուծել:

«Ես համոզված եմ, առաջիկա ընտրությունների ընթացքում Հայաստանում նոր իշխանություններ են ձեւավորվելու եւ նոր իշխանության կողմից Նիկոլ Փաշինյանի քայլերը կդիտվեն Հայաստանում իշխանազանցություն, լիազորությունների գերազանցում»,- ասում է Մովսես Շահվերդյանը: Թե ինչո՞ւ է նա վստահ, որ ամեն դեպքում, 2026-ի ընտրություններում Հայաստանում իշխանություն է փոխվելու՝ բացատրում է՝ ՀԱՍԿ-ը մասնակցելու է այդ ընտրություններին՝ «Կարեն Դեմիրճյանի գաղափարակիրների դաշինք» անունով եւ ինքը կասկած չունի, որ քաղաքական դաշտի այդ պահի դերակատարների նկատմամբ առավելություն են ունենալու, մարդիկ իրենց քվեն տալու են հենց այդ դաշինքին:

Դիտարկման հետ՝ նոստալգիկ տրամադրություններ գեներացնելո՞վ եք քվե ակնկալում, մեր զրուցակիցը չհամաձայնեց՝ ասելով, որ ամենայն պատասխանատվությամբ է հայտարարում՝ վերջին 50 տարիներին Հայաստանի ունեցած ղեկավարների մեջ Կարեն Դեմիրճյանն առանձնացել է իր հայրենասիրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ, պատասխանատվությամբ, խնդիրները հստակ տեսնելու եւ լուծումներ առաջարկելու ունակությամբ եւ այն քաղաքական ժառանգությունը, որը նա թողել է, մեծ պոտենցիալ է, որը չպետք է մսխվի:

Մովսես Շահվերդյանը չի բացառում, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումներն ավելի վաղ գեներացվեն եւ արդեն աշնանը արտահերթ ընտրություններով գործընթացները գնան:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին էլ մեր զրուցակիցն ասում է. «Խաղաղության համաձայնագիր անունը ենթադրում է, որ նախկինում այդ պետությունների միջեւ պատերազմ է եղել: Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, պատերազմե՞լ է Ադրբեջանի դեմ, ՀՀ-ն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ եղե՞լ է, որ խաղաղության համաձայնագիր է ստորագրում: Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր պայմանագրերը առոչինչ են լինելու Հայաստանի հաջորդ իշխանության համար, թող իզուր բարդ իրավիճակում չդնի իրեն եւ Ադրբեջանին: Սա ոչ թե ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագիր է, այլ սա պայմանագիր է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ՝ երկու անձերի հարաբերությունների հստակեցման: Հայաստանի անունը Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակիցները թող երբեք չտան, մանավանդ չեն էլ պատկերացնում, թե ո՞ր Հայաստանի մասին են խոսում: Իրական Հայաստանը պատմական Հայաստանն է, իր ասած 29 700 քառակուսի կիլոմետրը՝ իրավաբանական Հայաստանն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31