Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, որը գործարար է՝ «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է, «Կումայրի գրուպ», ինչպես նաև «Էկոնովա» ՍՊԸ-ների հիմնադիրն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին բավական բարձր եկամուտներ է ներկայացրել։
«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից իր եկամուտը՝ աշխատավարձը կազմում է 2 մլն․ 400 հազար դրամ, իսկ «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ից որպես շահաբաժին՝ 6մլն․ 100 հազար դրամ։
Թեկնածուի դրամական միջոցները՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ևս շատ են։
Կանխիկ միջոցները 150 մլն․ ՀՀ դրամ է, ոչ կանխիկը՝ 1 մլն․ ՀՀ դրամ։
Կարդացեք նաև
Նա նաև հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար, 8 հազար եվրո և 980 հազար ռուսական ռուբլի (բոլորը կանխիկ են):
Թեկնածուի գույքի և եկամուտների մասին լրացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հանդիսանում է «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի բաժնեմասի 100 տոկոս սեփականատերը, նմանապես «Էկոնովա» ՍՊԸ-ի բաժնեմասի 100 տոկոս սեփականատերը, «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ի բաժնեմասը կիսով չափ է պատկանում իրեն։
Նա մեկ բնակարան ունի՝ Գյումրու Անի թաղամասում՝ 120 քառակուսի մետր մակերեսով՝համասեփականատեր է։
Միանձնյա սեփականությամբ երեք արտադրամասեր ու մեկ կաթսայատուն ունի Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում և պահեստ՝ Գյումրու Հացիկի խճուղում։
Նրա մեքենան «BMV X5 DRIVE» է՝ 2015 թվականի արտադրության, միանձնյա սեփականություն է։
Թեկնածուն թանկարժեք գույք չունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ