Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը եւս 2018թ. եւ մայիսի 1-ի, եւ մայիսի 8-ի նիստում «կողմ» է քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»

Մարտ 19,2025 18:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը ընտրողների հետ իր հանդիպումների ժամանակ հաճախակի է քննադատում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրան համարելով Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրը։

Ապօրինի զենք կրելու կասկածանքով անհիմն ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց անմիջապես հետո Վարդան Ղուկասյանն իր խոսքում հիշել էր նաև ՀՀ առաջին նախագահին՝ ասելով․ «Էն Լևոն Տեր- Պետրոսյանն ասում էր՝ մեկ միլիոն ժողովուրդ պիտի լինի Հայաստանի Հանրապետությունում, Լենինականը պիտի լինի 10 հազարանոց գյուղաքաղաք, էդպիսի ծրագրերն իրականացնում եք, մեր պես տղեքին կամ բռնում եք կամ սպանում եք, կամ երկրից ղրկում եք, որ ստրուկները մնան։ Դուք ինչ ուզենաք անեք, չի ստացվի» ։

Երեկ էլ Գյումրու «Մուշ» թաղամասում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետը դարձյալ հիշեց Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Դուք ինձ հետ միասին հիշում եք․ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը եվրոպամետ է և սրանց հոգևոր հայրն է հանդիսանում քաղաքական առումով, լավ իմացեք, էստեղ հիշում եք ինչքան կռաններ էին մինչև Մուշ թաղամասը, էդ կռաններով երկու Լենինական կկառուցեին, ամբողջ էդ կռանները ծախեցին, տարան Երևան։

Ուրեմն պատկերացրեք, երկրաշարժից հետո ռուսների ուղարկած էդքան ուղարկած սաղ շինմատերիալներով կարելի էր մի Հայաստան կառուցել, էդ բոլորը մսխեցին։ Չեմ ասում՝ ամբողջ քաղաքի գործարանները համալրվել էին ժամանակակից 21-րդ դարի վերջի մեքենասարքավորումներով, բոլորը վաճառեցին թուրքերին և պարսիկներին։

Դուք պատկերացնո՞ւմ եք, պետական ծրագիր, այսինքն` պետության ղեկավարը, պետությունը չգիտի, որ երկրում ինչ-որ տնօրեն պետական ունեցվածքը վաճառում է թուրքերին և պարսիկներին, և պետությունը տեղյակ չէ։ Դու հասկանո՞ւմ եք, նմանատիպ բան ո՞նց կարող է լինի»,-ասել էր Վարդան Ղուկասյանը։

Այսօր Վարդան Ղուկասյանին արձագանքել է ՀԱԿ վարչության անդամ Արման Գալոյանը՝ նրան հարցնելով, թե 2018 թվականի վարչապետի ընտրության ժամանակ ո՞վ էր կողմ քվեարկում Նիկոլ Փաշինյանին։

«Գյումրիի նախկին քաղաքապետ, ավագանու անդամության թեկնածու Վարդան Ղուկասյանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում մշտապես, պարբերաբար անդրադառնում է ՀՀՇ կառավարման տարիներին՝ հնչեցնելով ամենատարբեր զրպարտություններ, նաեւ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանին վերագրելով խոսքեր, մտքեր, որոնք նա երբեք չի ասել։

Իսկ «Մուշ» թաղամասի բնակիչերի հետ հանդիպմանն ասել է, թե Տեր–Պետրոսյանը «սրանց հոգեւոր հայրն է հանդիսանում քաղաքական առումով»։

Առնվազն տարօրինակ է, որ Ղուկասյանն իր նախընտրական ելույթներում համառորեն, անդադար հիշատակում է Տեր-Պետրոսյանին ու նրա քաղաքական թիմին, զրպարտություններ հնչեցնում այն դեպքում, երբ ՀՀ առաջին նախագահի գլխավորած կուսակցությունը չի մասնակցում Գյումրիի ավագանու ընտրություններին։

Ավելին, նախընտրական տրամաբանությունը հուշում է, որ նրա ուշադրության կենտրոնում պետք է լինեին մրցակիցները, և առաջին հերթին գործող իշխանությունն իր թեկնածուով։ Ի գիտություն Ղուկասյանի՝ ՀԱԿ–ը մշտապես ամենասուր եւ փաստարկված քննադատությունն է հնչեցրել գործող իշխանության վարած քաղաքականության համար, իսկ Տեր–Պետրոսյանի՝ գործող վարչապետի հասցեին «ազգակործան պատուհաս» որակումը թեւավոր խոսք է դարձել։

Ինտերնետային այս դարաշրջանում մեծ դժվարություն չի ներկայացնում դիտել այդ ՀԱԿ ներկայացուցիչների հարցազրույցներն ու լսել հայտարարությունները։ Նաեւ, գործող իշխանություններին «բերելու» մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրելուց առաջ (ինչպես ասում է տարբեր հարցազրույցներում) կհորդորեի հիշել, թե ո՞վ է 2018թ. ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ ԱԺ կայքում կան այդ օրերի նիստերի արձանագրությունները։

Եթե կդժվարանաք փորփրել արխիվը, կարող եմ ինքս հիշեցնել՝ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը եւս 2018թ. եւ մայիսի 1-ի, եւ մայիսի 8-ի նիստում «կողմ» է քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Այնպես որ, Վարդան Ղուկասյանին բարեկամաբար կհորդորեի զբաղվել իր նախընտրական քարոզարշավով ու հեռու մնալ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ից։

Հ․Գ․ Սա՝ քաղաքականությունից դուրս․ հետաքրքիր է՝ աստվածավախ քրիստոնյայի համար որքանո՞վ է նորմալ հատկապես Մեծ Պահքի օրերին սուտ վկայություններ անելն ու զրպարտություններ շաղ տալը»,-ասում է Արման Գալոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31