Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուշյանական շաբաթը, հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի կյանքին ու գործին, միաժամանակ նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսության նոր հարթակ է. Դանիել Դանիելյան

Մարտ 19,2025 17:50

Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը, որը մեկնարկել էր մարտի 14-ից։

Ամփոփիչ միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանկոֆոն դեսպաններ, այլ պաշտոնյաներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում Մանուշյանական շաբաթը կարևոր և առարկայական շեշտադրում է, որը սերտորեն առնչվում է մարդկային արժեքներին, հիմնարար իրավունքներին և ազատություններին:

Մանուշյանն իր գործունեության ընթացքում համախմբել է տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ ստեղծելով մի խումբ, որը թեև պայքարում էր հանուն Ֆրանսիայի ազատության, բայց և խորքում՝ համընդհանուր արժեքներն ու նպատակներն էին:

Մանուշյանի ամբողջ կյանքը փիլիսոփայական ակնարկ է, որը թողնում է բարոյական, իմաստային և զգացական մեծ ազդեցություն ինչպես ֆրանսիացի և հայ ժողովուրդների, այնպես էլ համաշխարհային պատմության ու արժեքների վրա»:

Դանիել Դանիելյանի խոսքով՝ Մանուշյանական շաբաթը, յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելով Մանուշյանի կյանքին ու գործին, միաժամանակ նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսության նոր հարթակ է:

Ելույթներով հանդես են եկել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Օրն ամփոփվել է գիտական ելույթներով ու Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:

Նշենք, որ «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքը նպատակ ուներ վերաիմաստավորելու Միսաք Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվել են թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, որոնք անցկացվել են Երևանում և Արտաշատում։

Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից։ Միջոցառումների աջակիցներն էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային և տեղական կազմակերպություններ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31