ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների պատշաճ պահպանությանը, հանրահռչակմանն ու զարգացմանը՝ որպես պետության տնտեսության առաջընթացի կարևոր գործոն: Նա ընդգծել է, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությունում հուշարձանների վերականգնումը ամրագրված է որպես առաջնահերթություն, և վերջին տարիներին պետական հատկացումներն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել են: Ըստ նախարարի՝ առաջնային խնդիր է սահմանվել՝ հուշարձանները դարձնել հանրային զարգացման կարևոր վայրեր:
Կարդացեք նաև
Այս համատեքստում Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման նախագիծն ու համագործակցության հնարավորությունը։
«Արտաշատ մայրաքաղաքի վերականգնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի և իր պատմական արժեքով համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր մաս է: Մեր նպատակն է գործընկերների հետ մշակել զարգացման հայեցակարգ, և քաղաքատեղին վերածել զբոսաշրջային ակտիվ կենտրոնի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նախանշելով այս ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը:
Պատվիրակության անդամները ևս կարևորել են «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման ուղղությամբ համագործակցության հեռանկարները և վերահաստատել հետագա անելիքները քննարկելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ