Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճպուռն ու մրջյունը» բալետը վերջին տարիների Երևանի օպերային թատրոնի իսկապես բեղմնավոր գործունեության նոր հաստատումն ու հերթական հավաստումն է

Մարտ 19,2025 17:26

1990-ական թվականներին կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանն իրականացրել էր երաժշտական մշակույթի մի կարևորագույն երևույթ, որը վերաբերում էր բալետարվեստին: Նա ոչ միայն ստեղծել էր հայ իրականության մեջ քիչ հանդիպող նոր բալետ, այլ մանկական բալետ, որի խիստ կարիքը կար, հիմա էլ կա ոչ միայն մեզ մոտ: Աշխարհում քիչ են հեղինակները, ովքեր մանկական բալետային երաժշտություն են գրում:

1995թ. Ստեփան Լուսիկյանի հրաշալի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունը» բալետը Մաքսիմ Մարտիրոսյանի խորեոգրաֆիայով բեմադրվեց Երևանի խորեոգրաֆիայի պետական թատրոնում, սակայն կարճ կյանք ունեցավ. Ընդամենը մեկ-երկու ներկայացումից հետո «դժվար տարիների» բերումով խաղացանկից դուրս մնաց:

Վերջերս, հուրախություն մշակութասեր հանրության և մանուկների, հիշյալ բալետը նոր կյանք ստացավ շնորհիվ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի նախաձեռնության և միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պարարվեստի քոլեջի նախկին սան ու ներկայիս տնօրեն, Լոնդոնի բալետի Թագավորական դպրոցի շրջանավարտ, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի «Կապիտոլի» պետական բալետի շուրջ քսան տարիների մենապարող, բալետմայստեր Դավիթ Գալստյանի բեմադրության և նոր լիբրետոյի:

Դիրիժորներն են Աթանես Առաքելյանը և Րաֆֆի Միքայելյանը: Ներկայացման նկարչական ձևավորումն իրականացրել են տաղանդավոր արվեստագետներ` բեմադրող նկարիչ Ավետիս Բարսեղյանը, զգեստների ու գլխազարդերի նկարիչ Ռուբինէ Հովհաննիսյանը: Ներկայացման լուսային հազվադեպ հանդիպող լուսավոր ձևավորումը իրականացրել է Եվգենի Գանզբուրգը: Ներկայացմանը մասնակցում են Պարարվեստի պետական քոլեջի 70 սաներ: Բազմաշերտ համագործակցության արդյունքում ստացվել է դասական բալետի միջազգային կարգի ներկայացում, որը բուռն ծափերով ընդունեցին նախ հանդիսատես երեխաները և նրանց հետ միասին՝ մանկական բալետի երևույթով չափազանց ուրախացած ծնողները:

Բարձրարվեստ այս ներկայացումը կարելի է նոր նվաճում համարել հայ մշակութային կյանքում, որտեղ իմաստուն կերպով համադրվել են ավագ սերնդի վաստակաշատ կազմի բեմադրական փորձը և մասնագիտական կյանք մտնող նոր սերնդի պատանեկան ու երիտասարդական էներգետիկան` կատարողական անմնացորդ նվիրվածությամբ:

Համաշխարհային գրականության մեջ հայտնի ու իմաստուն «թափառական» առակը, որը դարերի ընթացքում մշակվել է նաև տաղանդավոր գրողների կողմից` Լաֆոնտենի, Իվան Կռիլովի, իր փայլուն հայկական փոխադրման հեղինակի` Աթաբեկ Խնկոյանի կողմից՝ բալետային ներկայացման բուն դրամատուրգիական նախահիմքն է: Փոքրիկ առակը բեմում դարձել էր երկու գործողությամբ լիարժեք ներկայացում, մեկ անգամ ևս հաստատելով, որ ստեղծագործական մտքի համար որևէ կարգի սահմանափակում չկա:

Ինչպես գրեթե բոլոր առակները, բալետային այս ներկայացմանը նույնպես ճպուռներն ու մրջյունները մարդկային կերպարանք են ստացել, որոնք իրենց ապրելակերպը արտահայտում են դասական պարի անզուգական արտահայտչականությամբ և որտեղ հստակ երևում են անհոգ զվարճությամբ ապրող ճպուռները և ամենօրյա ժրաջան աշխատանքով` մրջյունները: Ի տարբերություն և ի լրացումն առակի Ճպուռն ու Մրջյունը ոչ միայն միայնակ են հանդես գալիս, այլ բեմում մասշտաբ է ստանում, դառնալով ճպուռների և մրջյունների հակադիր պահվածքի մարդ-հանրություններ:

Երկու գործողությունների յոթ պատկերների մեջ են ծավալվում «անհոգների» և «աշխատավորների» իրարամերժ կյանքը, որտեղ լավ ու վատը, ճիշտ ու սխալը հնարամիտ ու խելամիտ կառուցված լիբրետոյի շնորհիվ, հրաշալի մենա-զուգա-խմբապարերի հերթագայությամբ ներկայացվում է հանդիսատեսին: Ընդ որում, լիբրետոյի հմուտ կառուցվածքը պարզ հասանելի է նաև մանուկ հանդիսականին, որը դասական պարով ներկայացնելու հետ միասին, դաստիարակչական խորազդեցիկ նշանակություն է ձեռք բերում:

Բալետում, ըստ առակի, Ճպուռ ու Մրջյուն «գլխավոր» դերակատարներ էլ կան, ճպուռներ ու մրջյուններ հանրություն էլ կան, որոնց ընդհանուր պատկերի օրինակ ներկայացնենք այսպես:

Պարային գեղեցիկ նազանքով բեմում հայտնվում է անհոգ կյանքով ապրող գեղեցկուհի Ճպուռը և իր հետ`բազմաթիվ գեղեցկուհի ճպուռները և իսկ գլխավոր`Մեծ Մրջյունը և մրջյունների աշխատասեր բանակը բեմում հայտնվում են վարակիչ ռիթմիկայով, կազմակերպված աշխատասիրությամբ, որը հավասարապես վերաբերվում է և բնական մրջյուններին, և մրջյունի աշխատասիրություն ու կազմակերպվածություն ունեցող պատանեկան ավյունով լեցուն մրջյունների դերակատարներին:

Նույնիսկ ոչ այնքան վեճի, որքան բանավեճի թեմա դարձավ այն հանգամանքը, որ զուտ պարային կամ հանդիսային մտածողության բերումով, բեմադրող բալետմայստերն ու լիբրետոյի հեղինակը վերափոխել է առակի և առաջին լիբրետոյի, և արդյունքում ներկայացման ու ասելիքի վերջաբանը, որտեղ անհոգ Ճպուռին անգործության մեջ մեղադրելու փոխարեն, բեմադրության վերջում համերաշխության են գալիս մրջյունների միասնական հորդորով, Ճպուռի պահվածքը չհանդուրժող Մեծ Մրջյունին մի կերպ համոզում են, որ Ճպուռը և ճպուռները մասնակցեն ֆինալային մեծ տոնակատարությանը:

Դրվատելի է, որ բալետային ներկայացման պրեմիերայի օրերին (մարտ 15,16,22,23) նպաստավոր պայմաններ են ստեղծված մանուկ հանդիսատեսի համար, ովքեր կարող են ցերեկային ժամերին և բավականին հաճախ նշանակված ներկայացումներին ներկա գտնվել:

Բալետային այս ներկայացումը, վստահ ենք, ոչ միայն խաղացանկային երկար կյանք կունենա, այլև շատ հաջողված բեմադրական կազմը հանդես կգա նոր նախաձեռնություններով, նոր ներկայացումներով: «Ճպուռն ու մրջյունը» բալետը վերջին տարիների Երևանի օպերային թատրոնի իսկապես բեղմնավոր գործունեության նոր հաստատումն ու հերթական հավաստումն է:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` տեսարաններ «Ճպուռն ու Մրջյունը» ներկայացումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31