Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստել ենք անհույս, անլույս, մի կերպ գոյատեւում ենք, բայց արի տես, որ դա էլ են մեզ շատ համարում: Սա անելու բան չի». Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին վտարում են

Մարտ 19,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը, ի դեմս պետական գույքի կառավարման կոմիտեի, աճուրդի է հանել Երեւանի Մուրացան փողոցի 110 հասցեում գտնվող շենքը, որտեղ արդեն շուրջ 25 տարի գտնվում է «Զինվոր» հ/կ-ների համակարգող խորհրդի գրասենյակը, որի կազմի մեջ մտնում են տասնյակ ռազմահայրենասիրական կազմակերպություններ, իսկ երկրորդ եւ երրորդ հարկերում բնակվում են Արցախյան պատերազմներում զոհվածների, անհետ կորածների եւ հաշմանդամություն ստացածների տասը ընտանիքներ:

«Զինվոր» հ/կ-ների համակարգող խորհրդի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանն ասում է, որ կազմակերպությունը 25 տարի առաջ ստեղծվել է ՊՆ նախաձեռնությամբ եւ շենքն էլ տրամադրվել է նույն ժամանակ: Սակայն անցած տարվա օգոստոսին ոստիկանների հետ միասին իրենց անակնկալ այցելել են պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակիցները եւ հայտարարել, որ շենքը աճուրդի է հանվել եւ այն պետք է ազատել, իսկ այլընտրանքային որեւէ տարբերակ չեն առաջարկել:

«Մենք ասացինք, որ 25 տարի այստեղ ենք ու այս ընթացքում ոչ մեկն իրենց չի այցելել եւ չի զգուշացրել: Սակայն մեզ պատասխանեցին, որ վտարման որոշում կա: Մենք ստիպված դիմեցինք փաստաբանների աջակցությանը եւ մտանք դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ կասեցվի: Նիստը նշանակված է մայիսին, սակայն շենքը հոսանքազրկել են եւ արդեն 14 օր տասը ընտանիքները, որոնցից մեկի հայրն է զոհվել, մյուսի որդին է անհետ կորած, երկուսում հաշմանդամների ծնողներ են, մեկ ուրիշում զոհվածի այրի, ապրում են առանց հոսանքի:

Նրանք այդպիսի իրավունք չունեն: Ես ՀԷՑ-ի բաժանորդ եմ եւ այս ընտանիքներին հոսանք էի տալիս: Դիմել եմ ՀԵՑ-ին: Ասել են, թող փաստաբանը գրություն ուղարկի պետգույքի կոմիտե, որովհետեւ նա է կարգադրել հոսանքն անջատել»,-ասում է Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով, հիմա ՊՆ-ն ասում է, որ շենքը հանձնել է պետգույքի կառավարման կոմիտեին եւ ոչինչ անել չի կարող: «Այս ընտանիքները ոչ մի տեղից օգնություն կամ աջակցություն չեն ստանում եւ մի կերպ են կարողանում հոգալ իրենց հոգսերը»,-ասում է տիկին Խաչատրյանը:

Իսկ իրենք, բնակիչները զարմացած ու սրտնեղած են, որ պատկան մարմինները ասում են, որ շենքը հանված է աճուրդի, արժե 403 մլն. 300 հազար դրամ եւ առաջարկում են, որ իրենք փող հավաքեն ու գնեն շենքը: «Այս կառավարությունը երբեք մեզ ոչինչ չի հարցնում: Ինչ ուզում՝ անում է: Մենք մի կերպ ենք մեր գոյությունը քարշ տալիս, շատերն ի վիճակի չեն աշխատել ու հազիվ են օրվա հացի գումարը վաստակում: Եթե ուզենանք էլ փող հավաքել, 300 հազար դրամը չենք կարողանա, էլ ուր մնաց 403 միլիոնը: Նստել ենք անհույս, անլույս: Մի կերպ գոյատեւում ենք, բայց արի տես, որ դա էլ են մեզ շատ համարում: Սա անելու բան չի»,-ասում են ընտանիքները:

Մուրացանի 110 հասցեի բնակիչները հիմա պահանջում են հոսանքի մատակարարման վերականգնում եւ սպասում են դատարանի որոշմանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այցելել էր՝ իր աջակցությունը հայտնելու շենքի տասը ընտանիքներին, լրատվամիջոցներին ասաց. «Տարիներ առաջ ՊՆ-ն հատուկ որոշմամբ շենքը հատկացրել է այս հ/կ-ներին իրենց գործունեությունը ծավալելու համար: Այս կազմակերպությունները տարիների ընթացքում կարեւոր կապ են հանդիսացել հասարակություն-բանակ հարաբերություններում: Եվ այն խնդիրները, որ կան բանակում, լուծել են համատեղ: Տիկին Մարգարիտան ցույց տվեց իրենց անմիջական մասնակցությամբ լուծված խնդիրները, որոնք հատորներ են կազմում:

Պետք է շեշտենք, որ այս մարդիկ հերոսների ընտանիքի անդամներ են եւ այստեղ պատահական մարդիկ չեն հավաքված: Նրանք ամենաթանկն են տվել՝ իրենց երեխաներին, հայրերին, ամուսիններին:

Եվ հիմա հայ-ադրբեջանական, հայ-թուրքական մերձեցման գործընթացների կոնտեքստում, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամսին կառավարությունը մի որոշում է կայացնում, որ այս շենք-շինությունը պետք է հանվի աճուրդի: Առանց խորամուխ լինելու, թե այս մարդիկ ինչ գործունեություն են ծավալել, կամ հակառակը, լավ հասկանալով: Իմ կարծիքով լավ էլ գիտեն: Եվ ես կարող եմ այսօր համոզված կերպով պնդել, որ սա կազմակերպված, ուղղորդված, նպատակադրված քայլ է, որպեսզի այս կազմակերպությունների աշխատանքն այլեւս գոյություն չունենա: Այստեղ Արցախյան առաջին, քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներ են, որոնց պետությունը պետք է գլխի վրա դրած ման տա, ամեն հարցում կանգնած լինի այս մարդկանց կողքին: Բայց չէ: Ու պարզ է, թե ինչ ծառայություն են մատուցում մեր թշնամիներին: Սա ստորության, անմարդկային վերաբերմունքի գագաթնակետն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31