ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մարտի 19-ին հանդիպել են մեր երկրում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Վահե Ղալումյանը կարեւորել է Գերմանիայի հետ խորհրդարանական հարաբերությունների խորացումը, պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստելու ոլորտային համագործակցության զարգացմանը:
Պատգամավորը բարձր է գնահատել Գերմանիայի դերակատարությունն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացում:
Խոսելով Եվրամիության հետ ընդլայնվող համագործակցությունից` հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է եվրոպական ընտանիքին միավորվելու հարցում: «Մենք պատրաստակամ ենք առաջիկայում Ազգային ժողովի տիրույթում գտնվող բոլոր հարցերին արագ արձագանքելու` այդ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Կարդացեք նաև
Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը եւ ընտրությունների համամասնական ընտրակարգի կիրառմանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին: Նշվել է, որ այս պահին հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են համայնքների ինքնաֆինանսավորման, սեփական եկամուտների բարելավման հարցերը:
Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության հարցեր:
ԱԺ