«Բարդ է խոսել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների մասին, որովհետև տեղեկատվությունը ստանում ենք սահմանափակ աղբյուրներից»,- Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում․ էթնիկ հայերի դատավարությունները և կալանավորումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ռազմավարական դատավարության հարցերով միջազգային իրավապաշտպան Արփի Ավետիսյանը։
Նշենք, որ քննարկումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպվել է Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի և «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության կողմից։
Արփի Ավետիսյանը փաստեց՝ անկախ որևէ մարմին հնարավորություն չի ունեցել այցելելու հայ գերիներին և ծանոթանալու նրանց պահման պայմաններին․ «Այն պատկերը, որ ունենք, հիմնված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղեկությունների վրա։ Մյուս հասանելի տեղեկատվության աղբյուրը գերիների ընտանիքներն են։ Օրինակ՝ երբ մենք նայում ենք Ռուբեն Վարդանյանի պահման պայմաններին, երբ նա հացադուլ էր իրականացնում, ըստ ընտանիքի անդամների տեղեկությունների՝ նրան պահում էին մեկուսացման մեջ, բժշկական զննություն չէր իրականացվում, առողջական վիճակը վատթարացել էր։ Տարածված լուսանկարները փաստում են նրա նկատմամբ կատարված խոշտանգումների մասին։ Ադրբեջանական իշխանությունները պնդում են, թե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն է այցելել հայ գերիներին, բայց մենք գիտենք, որ դա չի կարող անկախ մարմին համարվել, որի տրամադրած տեղեկատվության վրա կարելի է հիմնվել։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովի այցն է մերժվել, ինչը մտահոգության առարկա է»։
Կարդացեք նաև
Արփի Ավետիսյանը փաստեց՝ հայ գերիները քաղաքական բանտարկյալներ են, որոնց օգտագործում են Բաքվի իշխանությունները․ «Ցավոք, տեսնում ենք, որ բանակցությունները ձգձգվում են, և չկա լուծում: Այդ անձինք գործիք են Բաքվի իշխանությունների ձեռքին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ