«Տեռորը նշանակում է, երբ մենք անօրինական, անհիմն ինչ-որ գործողություններով փորձում ենք միջամտել եւ խանգարել տնտեսվարողի կյանքին, որպեսզի հնարավորինս հարկային եկամուտ հավաքագրենք։ Այն, ինչը որ տեղի է ունենում հիմա, դրանք սովորական, մեր գործիքակազմով ստուգումներ են՝ բոլոր ուղղություններով եւ մենք նման ազդակ չունենք, որ տեռոր կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը։
Լրագրողը հարց էր տվել օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումների մասին։ Վերջերս հրապարակումներ եղան, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ-ը խիստ ստուգումներ է սկսել եւ 15 միլիոն դոլար են պահանջել Սամվել Ալեքսանյանից։ Ենթադրություններ կան, որ նման կերպ իշխանությունները փորձում են լրացնել բյուջեի դեֆիցիտը։
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ստուգումների մասին հստակեցնող հարցին էլ ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ ՊԵԿ-ն ունի թիրախային ծրագիր՝ տարվա համար սահմանված, բոլոր բիզնեսներում էլ ստուգումներ են իրականացվում՝ խնդիրները վերհանելու եւ լուծելու համար։
«Բյուջեի դեֆիցիտը փակելու համար քերթում եք բիզնեսմեններին»՝ լրագրողի դիտարկմանն էլ ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Բացարձակ նման բան չկա։ Դուք հիմա ուղղակի սրում եք հարցը՝ պարբերաբար տերմիններ օգտագործելով, որ եթե ես մասնագիտական դաշտում ասեմ, թե ի՞նչ է նշանակում, դուք չեք կարողանա պատասխանել։ Ոչ, չենք քերթում։ Մենք տնտեսվարողին եւ բոլորին վերաբերվում ենք ինչպես մեր ընտանիքի անդամներկ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՊԵԿ-ը ջանում է իր ծառայությունները հասարակության համար մարդակենտրոն դարձնել, իսկ «քերթելու» մասին որակումները հեքիաթ կամ անեկդոտ համարեց։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ