Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանը Լորդերի պալատում, Մեծ Բրիտանիայի քաղաքական ու կրոնական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է Բաքվում հայ պատանդների վիճակը

Մարտ 19,2025 16:10

Արցախ միության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 16-18-ը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հրավերով, ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում՝ քաղաքական ու կրոնական ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կազմակերպմամբ՝ Բեգլարյանը հանդիպում է ունեցել բրիտանացի մի խումբ կրոնական առաջնորդների հետ: Մի շարք հանդիպումներ են կայացել նաև Լորդերի պալատում, ներառյալ՝ Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Բարոնուհի Քերոլայն Կոքսի և բրիտանացի այլ խորհրդարանականների հետ: Լորդերի պալատում հանդիպումների կայացմանն աջակցություն է ցուցաբերել նաև Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:

Արտակ Բեգլարյանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է հայ պատանդների վիճակն ու ազատ արձակման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ բավարար միջազգային ճնշում է անհրաժեշտ՝ ապահովելու համար ադրբեջանական շինծու դատավարության ու խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակումը: Նա համապարփակ կերպով ներկայացրել է նաև Արցախի ժողովրդի ցեղասպանության ու բռնի տեղահանման հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական քաղաքականությունը և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Թեմի առաջնորդի գլխավորությամբ՝ մի շարք հանդիպումներ են կայացել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բացի Արցախի ժողովրդի ու հայ պատանդների իրավիճակի ներկայացումից՝ նրանց հետ քննարկվել են նաև միասնական նպատակների շուրջ համագործակցության հնարավորությունները: Բեգլարյանը հատուկ երախտագիտություն է հայտնել Հովակիմ Սրբազանին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ ցուցաբերվող շարունակական հոգածության և տվյալ այցի կազմակերպման համար:

Արցախ միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31