Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդիկ դիմադրության խորհրդանիշն են, նրանք ցանկանում էին հավերժացնել Արցախի Հանրապետության գոյությունը։ Սա է պատճառը, որ նրանք հիմա դատվում են»․ Ֆիլիպ Գալֆայան

Մարտ 19,2025 15:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանը միշտ հրաժարվել է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները»,- Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում․ էթնիկ հայերի դատավարությունները և կալանավորումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, «Փարիզ 2» համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Գալֆայանը։

Նա նաև ընդունեց, որ 30 տարի Արցախի Հանրապետությունը գործել է որպես նորմալ պետություն և գործել է ժողովրդավարական սկզբունքներին համաձայն․ «2020-ին Ադրբեջանը որոշեց, որ բանակցությունները փակուղի են մտել և ռազմական ուժ կիրառեց։ Այնուհետև պատերազմում հաղթեցին։ 2023-ի դեկտեմբերին նրանք շրջափակման մեջ գցեցին Արցախի ժողովրդին։ 9 ամիս անց Ադրբեջանի իշխանությունները դատապարտեցին 23 անձանց։ Նրանց մի մասը քաղաքական, մյուս մասը ռազմական գերիներ են, մյուսները քաղբանտարկյալներ են՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող այսպես կոչված «դատավարություններին»՝ Ֆիլիպ Գալֆայանն ասաց․ «Այդ մարդիկ դիմադրության խորհրդանիշն են, նրանք ցանկանում էին հավերժացնել Արցախի Հանրապետության գոյությունը։ Նրանք չէին ենթարկվել ադրբեջանական վարչակազմին։ Սա է պատճառը, որ նրանք հիմա դատվում են, և նրանց դատավարությունը կշարունակվի հաջորդող ամիսներին»։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կարևորեց այն շրջանակը, որում Ադրբեջանը գործում է․ «Ադրբեջանի իրավական համակարգը հայտնի է՝ որպես աշխարհում ամենացածր անկախությունն ունեցող և ամենակոռումպացվածը։ Իշխանությունը կենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքում, որն ապահովում է, որ արդարադատության  համակարգն ավելի շատ ծառայի քաղաքական իշխանությանը, քան արդարադատություն իրականացնի։ Դրա մասին բազմաթիվ զեկույցներ կան։ Դրանցում ամրագրված է, որ ադրբեջանական դատական համակարգը հանձնարարություններ է ստանում նախագահական վարչակազմից հատկապես քաղաքական առումով զգայուն գործերի շրջանակում։ Այն դատավորները, որոնք նախագահում են հայ գերիների գործերը, խորապես գործում են Ադրբեջանի իշխանությունների հետ համահունչ։ Նրանք այն նույն դատավորներն են, որոնք կանոնավոր կերպով կայացրել են քաղաքական մոտիվներ ունեցող որոշումներ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների դեմ։ Ուստի որևէ սցենար չկա, որի համաձայն՝ Ադրբեջանի դատավորները, որոնք գործում են հայերի նկատմամբ խտրականության մթնոլորտում, կարող են անաչառ որոշումներ կայացնել։ Այս միջավայրում կասկած չկա, որ հայ գերիները ենթարկվում են շինծու դատավարությունների, ինչը ծառայում է Ադրբեջանի քաղաքական խնդիրներին ու նպատակներին։ Այս շինծու դատավարությունները կոնսոլիդացնում են ադրբեջանական նարատիվը, լռեցնում են հայերի խոսքը և դատական վարույթների քողի ներքո լեգիտիմացնում են մարդու իրավունքների չարաշահումները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31