Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանկում ասել են՝ կիբերհանցագործություն է եղել, վարկ է ձեւակերպվել ձեր անունով, դիմեք ոստիկանություն»․ քաղաքացիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Մարտ 19,2025 15:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց արեցին բանկային համակարգում տեղի ունեցող կիբեռհանցագործությունների ու զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները։ Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

Նրանք նշում են, որ բանկերում իրականացվող կիբերհանցագործությունների հետեւանքով քաղաքացիներին մեծ ֆինանսական վնասներ են հասցվում։ Իսկ բանկերն անհիմն պահանջներ են ներկայացնում, անարդարացի ֆինանսական բեռ են դնում խարդախության զոհ դարձած քաղաքացիների վրա։ Արդեն սկսել են բռնագանձել մարդկանց գույքը։ Մյուս կողմից էլ՝ քննչական մարմիններն անգործություն են ցուցաբերում, չեն կարողանում կամ չեն ցանկանում պաշտպանել տուժած քաղաքացիների իրավունքները։ Ըստ տուժած քաղաքացիների՝ կառավարությունը պետք է ձեռնարկի հստակ եւ համակարգային լուծումներ՝ խնդիրը վերացնելու համար, պետությունը պետք է երաշխավորի քաղաքացիների ֆինանսական անվտանգության պաշտպանությունը։

Իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը նշում է՝ բանկերում տեղի ունեցած կիբեռհանցագործությունների հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվել են զգալի ֆինանսական վնասների, սակայն իրավապահ մարմինների արձագանքը, մեղմ ասած, չի համապատասխանում իրավիճակի լրջությանը։ Քննչական մարմինները չեն դրսևորում պատշաճ ջանքեր՝ բացահայտելու մեղավորներին եւ վերականգնելու տուժածների իրավունքները։

«Կիբերհանցագործություններից տուժած անձանց պատասխանում են՝ մենք չենք կարողանում այդ գումարները վերադարձնել։ Մինչդեռ, ես կասկածում եմ, որովհետեւ այդ գումարները շատ հաճախ փոխանցվել են հենց նույն բանկի հաշվեհամարներին, իսկ եթե իրենք չեն կարողանում վերադարձնել, հետեւաբար, պատասխանատվությունը պետք է իրենք կրեն, այլ ոչ թե քաղաքացիները։ Մեր քաղաքացիները տուժել են 1 մլն դրամից բարձր, մինչեւ 20 մլն դրամի միջակայքում մենք ունենք ահազանգեր ու դիմում-բողոքներ։ Խոսքը գնում է 100 հազար դոլարների մասին, եւ, այո, բանկը կարող է շահագրգռվածություն ունենալ։ Այն սողանցքները, որոնք կան բանկերում, գուցեեւ բաց են թողնված հենց այդ պատճառով։ Մենք ունենք բանկեր, որոնց պատշաճ կերպով պաշտպանված են, եթե 10-15 բանկ կարող է պատշաճ պաշտպանություն ունենալ, ապա այդ 3-4 բանկերն ինչո՞ւ չեն կարողանում այդ սողանցքները փակել»,- լրագրողներին ասաց Մհեր Կարագյոզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տուժած քաղաքացիներից Ալամյա Մելքոնյանը պատմեց․ «Գովազդ էր, որ թեստն անցնելու դեպքում գումարի շահում է լինելու։ Բանկի օնլայն հավելվածով փորձել եմ մասնակցել այդ խաղարկությանը, բայց թեստը չանցա, դա զեղծարարություն էր եւ դարձա խարդախության զոհ։ Եվ անձնական գումարի հափշտակում է եղել, եւ իմ անունով անօրինական վարկ է ձեւակերպվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի մասնակից Ջեմմա Հովհաննիսյանն էլ նշեց, որ իր հարսն է տուժել։ «Ֆեյսբուքում լինք է բացվել, հարսս տեղադրել է իր տվյալները, պարզվել է՝ կիբերհանցագործություն է տեղի ունեցել։ Բանկում ասել են՝ վարկ է ձեւակերպվել ձեր անունով, կարող եք դիմել ոստիկանություն։ Մենք անմիջապես դիմել ենք ոստիկանություն, հետո դիմել ենք կիբերհանցագործության բաժին, հետո դիմել ենք ֆինանսական համակարգի հաշտարարին, եւ ոչ մի արդյունք։ Ֆինանսական հաշտարարը մեզ ուղղորդում է, ասում է՝ կարող եք գնալ տվյալ անձի տուն, խնդրել, որ ինքը գումարը մուծի, որովհետեւ իր հաշվեհամարն ու անուն-ազգանունը կա։ Էդ ո՞ր մի հանցագործը կբերի այդ փողը հետ կտա։ Քննչականն էլ է տեղյակ այդ մասին, բոլորն էլ տեղյակ են, ինքը 21 տարեկան տղա է, քննիչները նրան հարցաքննել են ու ազատ են արձակել։ Ընդհանուր գումարը 1 մլն 348 հազար դրամ է, բանկն ասում է՝ մենք տոկոսը կիջեցնենք որպես բարի կամքի դրսեւորում, 60 ամսում բերեք մուծեք։ Բայց ինչի՞ համար մուծենք, եթե մենք չենք վերցրել այդ գումարը»,- ասաց Ջեմմա Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Ղարագյոզյանը հայտարարեց, որ նամակ են մուտք արել կառավարություն, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ հարցերին համակարգային լուծում տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31