Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ աշխարհը կարող է ավելի աջակցություն տրամադրել իրապես անկախ Հայաստանին, քան ռուսական ազդեցության գոտուն. Հայկ Միրզոյան

Մարտ 19,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անկախությունն է իրական խաղաղության նախապայմանը

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ն խախտում է հրադադարն ու կրակոցներ արձակում սահմանին, հիմք են տալիս ենթադրելու, որ բանակցությունների արդյունքում համաձայնեցված համաձայնագրի տեքստի ստորագրման դեպքում խաղաղություն չի լինելու։

Նկատենք, որ ապատեղեկատվության տարափը սկսվեց բանակցային գործընթացի ավարտի, համաձայնագրի տեքստի բոլոր կետերի համաձայնեցումից հետո։ Սա անտրամաբանական է, որովհետև կողմերը համաձայնեցրել են տեքստը։ Եթե կողմերը չեն սահմանային կեղծ լարվածության պատկերի հեղինակն, ապա ո՞վ է դրա շահառուն։

Հայ-ադրբեջանական հակամարտության սնուցողի և հովանավորի հարցը մեր հանրության մեջ վեճի առարկա չէ։ Հակամարտության ընթացքում դրա գլխավոր շահառուն սովետական կայսրությունն էր, ապա Ռուսաստանը։ Ուստի՝ բանակցային տեքստի համաձայնեցումից հետո Մոսկվան, ենթադրաբար, կկորցնի ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի վրա և Հարավային Կովկասում։ Հետևապես՝ ենթադրելի է, որ հենց նա էլ դրդում է Ադրբեջանին ապատեղեկատվություն տարածել և նորանոր նախապայմաններ առաջ քաշել, ձգձգել ստորագրումը։

Հենց այս բացահայտ, բայց միևնույն ժամանակ չգնահատված հանգամանքով էր պայմանավորված Պահպանողական կուսակցության օրեր առաջ տարածած հայտարարությունը՝ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության բացառման, լյուստրացիայի իրականացման և արևմտյան համայնքի հետ քաղաքականության ներդաշնակեցման վերաբերյալ։

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արդյունքում վերանալու է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հիմնական գործոնը՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ապա տրամաբանական է, որ Մոսկվան ձգտելու է ներգրավվել այդ համաձայնագրում որպես կողմ, միջնորդ, երաշխավոր, որ կարողանա պահպանել ազդեցության լծակները Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Այդպիսի իրավունք կարող է ձեռք բերել, երբ աշխարհին ապացուցի, որ ՀՀ-ն անկախ չէ, ՌԴ ազդեցության գոտի է։ Սակայն 2020-2023-ի իրադարձությունները համոզիչ ապացույց են, որ ռուսական միջնորդությունը աղետալի է հայ ժողովրդի համար, հետևաբար՝ այսօր մերժելի է, անցանկալի։

Այս համատեքստում տեղին է այն պնդումը, որ իրական և տևական խաղաղություն հնարավոր է միայն ազատ և ինքնիշխան պետությունների միջև։ Այսինքն՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի անկախությունը։ Ազատ աշխարհը կարող է ավելի աջակցություն տրամադրել իրապես անկախ Հայաստանին, քան ռուսական ազդեցության գոտուն։ Այս առումով՝ արտաքին գործընկերների կողմից Ադրբեջանին խաղաղությանը հակելու գործում ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերման մասին պայմանավորվածությունը։

Անկախության ամրացմանն ուղղված մեր քայլերն անուղղակի կանխելու են նաև Ադրբեջանի կողմից ապատեղեկատվական գրոհները, նոր նախապայմանների առաջ քաշումը, ագրեսիվ նկրտումները և այլն։ Այսինքն՝ խաղաղության օրակարգի առաջնահերթ խնդիրը եղել է և է ազգային սահմաններին և ազգային տարածքում ինքնիշխանության ամրացումը, ինչն առավել իրական նպաստ կարող է բերել տարածաշրջանային խաղաղությանը, քան ի հեճուկս Ռուսաստանի՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելը, նույնիսկ ցավալի, խայտառակ զիջումների գնով։ Ավելին, խաղաղության համաձայնագիր ստորագրելու պարագայում, խաղաղությունն իրատեսական չի թվում, երբ առկա են ազգային տարածքն ինքնիշխան տնօրինելու իրական սահմանափակումներ։

Այսինքն՝ ՀՀ անկախությունն է խաղաղության իրական նախապայմանը։ Ինչքան արագ անենք անկախության ամրացման ուղղությամբ քայլեր, այնքան շուտ կբացվի խաղաղ առավոտը Հայաստանի վրա։

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31