ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության միջոցառման նախագիծը, որի վերաբերյալ www.e-draft հարթակում 98 % դեմ արդյունք կա:
Ըստ նախագծի հեղինակների, նպատակը Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարությունների եւ չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։
Մեդիա կենտրոնում կայացած «Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նախ ներկայացրեց նախագիծը, ապա բոլոր այն ծրագրերը, որոնք վերաբերում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
«Մենք մեր հայրենակիցներին իրազեկել էինք, որ դրամական աջակցությունները շարունակվելու են հետագայում ավելի թիրախային, հասցեական սկզբունքով եւ լինելու են կարիքահեն: Անցյալ տարվա ընթացքում միջինում 103 հազար անձ ստացել է այդ աջակցությունը, բայց մենք հասկանում ենք, որ տարբեր սոցիալ-տնտեսական իրավիճակում գտնվող ընտանիքների հետ գործ ունենք, հատկապես բախվում ենք շատ խոցելիների հետ: Ավելի լավ պայմաններում բնակվողների մեծ մասն արդեն ինտեգրվել է եւ զբաղվածություն ունի, նաեւ շատ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ կան: 26 հազարից ավելի մարդիկ կայուն եկամուտներ ունեն… »,-ասաց նախարարի տեղակալը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն ասաց, որ մեծամասնությունը դեմ է ներկայացված նախագծին. « Արցախից տեղահանվածները ոչ թե սպասում են լրացուցիչ աջակցությունների, այլ կոնկրետ այս շրջանում սպասում էին, որ 40000+10000 դրամ ծրագրի վերաբերյալ պետք է այլ հայտարարություն լիներ: Այսինքն, այլ նախագիծ մշակվեր, որովհետեւ մենք գիտենք, որ 40+10 ծրագրին փոխարինելու եկած 50+40+30 ծրագիրը բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու բոլոր տեղահանվածներին: Եթե ապրիլի 1-ից այս ծրագիրը բացառապես ուղղվելու է խոցելի խմբերին եւ լրացուցիչ, հրատապ աջակցությունը եւս, ու եթե վերլուծելու լինենք, ապա կստացվի, որ 3000 ընտանիքներից 2-ից 1-ը լինելու է այն ծրագրերի շահառու, որը շարունակվում է:
Արցախից տեղահանվածները բոյկոտել են նախագիծը, 98 %-ը դեմ է , որովհետեւ մտածում են, որ լրացուցիչ ինչ-որ ծրագրերով չպետք է մարդկանց շեղեն կոնկրետ խնդիրներից, իսկ մեր գլխավոր խնդիրը բնակարանային խնդիրն է»: Փոխնախարարի եւ արցախցի գործչի միջեւ այս թեմայով թեժ բանավեճ սկսվեց.
Մանրամասն տեսանյութում.
«Հայկի սերունդ» ՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը եւս փաստեց, որ Լիաննա Պետրոսյանի ներկայացրած խնդիրներն օբյեկտիվ իրականություն են: Նա ասաց, որ վտանգ կա, որ 100 000 մարդ կարող է դրսում հայտնվել:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի