Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը քաղաքացուն վատ վիճակի մեջ է դնում, պարզվեց, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Արա Զոհրաբյան

Մարտ 19,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նախագծով նախատեսել են խնդրահարույց մի շարք դրույթներ: Այսօր այս մասին ահազանգել են փաստաբանները:

«Մասնավորապես հարցը վերաբերում է վիճարկմանը, հայցը վարույթ ընդունելու հետ կապված կասեցման ձեւաչափի վերացմանը»,- այսօր փաստաբանների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարություն Թունյանն էլ նկատեց, որ հանրային քննարկման դրված օրենսդրական նախագիծը լայն քննարկումների է արժանացել, կա 35 արձագանք, բոլորն էլ խիստ բացասական են: Քվեարկության արդյունքները 3000 -ից ավելի են, կողմ են արտահայտվել ընդամենը յոթ հոգի:

Նրա խոսքով, նախագծով առաջարկվում է վիճարկման հայցերը վարույթ ընդունելու իրավական հետեւանքների լրիվ այլ կարգավորումներ, քան սահմանված են. « Առաջարկվում է բոլոր հայցատեսակների դեպքում կիրառել հայցի ապահովման ինստիտուտ, ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենքի 83 հոդվածը, վիճարկման հայց ներկայացնելու դեպքում նախատեսել նաեւ հայցի ապահովման միջնորդություն կիրառելու հնարավորություն»:

Ի՞նչ է սա նշանակում, ըստ Սիմոն Բաբայանի՝ անձի նկատմամբ, երբ կատարվել է վարչարարություն ու կայացվել վարչական ակտ, վերջինս դիմելով դատարան՝ ստանում էր որոշակի երաշխիքներ. «Այդ երաշխիքներից մեկը իր նկատմամբ վարչական ակտը կասեցվում էր մինչեւ դատավարության ավարտը, այդ դատավարության ընթացքում պետական մարմինը պետք է ապացուցեր ակտի իրավաչափությունը: Նախագծի հեղինակները առաջարկում են, որ վարչական ակտի գործողությունը չկասեցվի, քաղաքացին միջնորդություն ներկայացնի, որ ակտը չգործի: Հայցի ապահովման միջոցը իրավաբանական տեսանկյունից լրիվ այլ ինստիտուտ է, ամբողջ կոնցեպտն ենք փոխում այս կառուցակարգի այն առումով, որ անձը զրկվում է այդ երաշխիքից: Ստիպված է լինելու համոզել դատարանին, ասի՝ հարգելի դատարան իմ նկատմամբ կայացված վարչական ակտի հետեւանքը հետաձգենք մինչեւ դատավարության ավարտը, դատարանն էլ կհամոզվի, կամ չի համոզվի: Այսինքն՝ քաղաքացին՝ չունենալով իրավաբանական գիտելիքներ, որ կարող էր գնալ վարչական դատարան ու ստանար այս արդարադատության օգնությունը, մենք այսօր դրանից զրկում ենք քաղաքացուն»:

Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ նկատեց, որ կառավարությունը փորձում է այս փոփոխություններով վատ վիճակի մեջ դնել քաղաքացուն: Օրինակ, եթե անհիմն վարչական ակտ է ընդունվել, կառավարությունը քաղաքացուն ասում է՝ տար վճարի այդ գումարը, այսինքն՝ լրացուցիչ ծախսը կրի, դրանից հետո, եթե պարզվի, որ անհիմն է, ես այլ կերպ կլուծեմ այդ խնդիրը:

Նա նկատեց, որ դատարան դիմելու համար պետական տուրքի չափերը բարձրացվել են, փաստաբանների նկատմամբ կտրուկ հարկային քաղաքականության արդյունքում փաստաբանական ծառայությունների գները թանկացել ու թանկանալու են. «Սա լրացուցիչ խոչընդոտ է քաղաքացու համար դատարան դիմելու համար: Քաղաքացին, որ տուգանքի մատերիալ չէր, հիմա պարզվեց, որ տուգանքի մատերիալ է: Ասում են՝ ի սկզբանե, թանկ ծառայությունների համար վճարի, գնա դատարան, հետո ինչ կլինի, կլինի: Այս քաղաքականությունը բերելու է նրան, որ քաղաքացիները հեռու են մնալու իրենց իրավունքները պաշտպանելուց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31