Դասական երաժշտության բացառիկ իրադարձություն. երկարատև դադարից հետո մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ հանդիսատեսը նորից հնարավորություն է ունեցել վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան։
Մեծակտավ ստեղծագործությունը հանդիսատեսին են ներկայացրել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ընդլայնված կազմով, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան)։
Մենակատարներ՝ Նելլի Քալաշյան (սոպրանո)՝ Եվա, Շահանե Աղաքարյան (սոպրանո)՝ Գաբրիել, Գուրգեն Պողոսյան (տենոր)՝ Ուրիել և Աշոտ Ղանթարջյան (բաս-բարիտոն)՝ Ռաֆայել և Ադամ։
Համերգը ղեկավարել է իսպանացի անվանի դիրիժոր Ուլիսես Իյանը, որը իր էներգիայով ու երաժշտական խորը զգացողությամբ նոր շունչ է հաղորդել Հայդնի վեհաշուք օրատորիային։ Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետը վարպետորեն ղեկավարում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային ռեպերտուարներ՝ Բարոկկոյից մինչև ժամանակակից շրջանի ստեղծագործություններ։
Կարդացեք նաև
Ստեղծագորության մասին
Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան գրվել է 1796-1798թթ. ընթացքում։ Առաջին անգամ կատարվել է Վիեննայում 1798թ.։
Օրատորիան ներկայացնում և փառաբանում է աշխարհի արարումն ինչպես այն նկարագրված է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում և Ջոն Միլթոնի «Կորսված դրախտը» պոեմում։
Այն կառուցված է երեք մասից.
Առաջին մաս՝ «Գոյության լուսաբացը». Երաժշտությունն արտացոլում է լույսի, երկնքի և երկրի, արևի և լուսնի, օվկիանոսների և բուսական աշխարհի ծնունդը։ Հայդնը՝ հակադրություններով և պայծառ հնչողություններով, պատկերում է արարած աշխարհի հրաշքն իր անաղարտ վիճակում։
Երկրորդ մաս՝ Կյանքի շքեղություն. Կենդանիների արարումն է՝ յուքանչյուրն իր հնչերանգով։ Ադամի և Եվայի գալուստը հասնում է իր գագաթնակետին՝ շեշտելով մարդկության կարևորությունն աստվածային կարգի մեջ։
Եզրափակիչ մաս՝ Դրախտի ներդաշնակությունը. Ադամը և Եվան վայելում են Եդեմի խաղաղությունն ու լիարժեքությունը։ Հայդենը նկարագրում է սիրո և երջանկության իդեալական տեսլականը՝ մեղեդային ու լուսավոր հնչյուններով, որոնք փոխանցում են նորաստեղծ տիեզերքի կատարելությունը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոն