Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է, որ եկող շաբաթ մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստերի ընթացքում, երբ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացնի իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, իր նախկին կուսակիցները համաձայնություն կտան։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աղազարյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ դա քաղաքական որոշում է»։ Որոշման պատճառների մասին Հովիկ Աղազարյանը կխոսի ԱԺ ամբիոնից։
«Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ՝ Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, եւ վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների։ Հետեւաբար, բոլորը՝ այդ թվում նաեւ ես, զրկվում ենք մանդատից»,- ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա կարծում է, որ այս սցենարը կգործի, բայց թե ի՞նչ հիմքով է ասում, որ ՔՊ-ն կպարտվի Գյումրիում՝ չցանկացավ մանրամասնել։
Կարդացեք նաև
Ինչեւէ, Հովիկ Աղազարյանի համոզմամբ, թեեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը որոշ դեպքերում ցածր է, բայց եղածների մեջ ամենաբարձրն է։ Իսկ ՔՊ-ից իր դուրս գալը կուսակցության ռեյտինգի վրա ազդել է, այն նվազել է մեկ տոկոսի չափով։
Ի դեպ, իր դեմ հարուցված քրեական գործով Հովիկ Աղազարյանին հարցաքննության չեն կանչել։
Արձագանքելով լրագրողի հարցին, Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ իրեն քաղաքական հետապնդման չեն ենթարկում, իրեն ենթարկում են քաղաքական ճնշումների․«Երկու նպատակով, որ մանդատը վայր չդրեցի, պարոն վարչապետն ու քաղաքական թիմը գտնում են, որ դա իշխանության հեղինակությանը հարված է։ Եվ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն՝ իմ հեռանկարի ակնկալիքով, որ մենք գիտենք՝ ի՞նչ գործընթացների մեջ ենք գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահուն անցկացնեն»։
Հարցին՝ հնարավո՞ր է մի օր էլ դատախազը կալանքի միջնորդություն ներկայացնի ԱԺ, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Եթե ես ինձ խելոք չպահեմ, խուսափեմ գնալ, չենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար, բանը դրան էլ կհասնի։ Քաղաքական առումով, կալանքը ինձ վրա որպես ճնշում չի ազդի։ Ես 65 տարեկան եմ եւ ես չեմ պատրաստվում իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ»։
Հովիկ Աղազարյանը շատ բաներ ունի ասելու, բայց կասի ԱԺ լիագումար նիստի ժամանակ եւ ըստ նրա՝ պարզ կլինի, թե ինչքան բաներ ծիծաղելի են։
Ամեն դեպքում, Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր շարժումների կիզակետում չի լինի, Նիկոլ Փաշինյանին անվստահության հարց չի դնի, քանի որ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ամենաբարդագույն շրջանում՝ ճակատագրական որոշումներ ընդունելու անհրաժեշտությամբ ու նա բարոյապես սպառվել է, պետք է գնա։ Բայց այս ամենը պետք է լինի հերթական ընտրություններով։
Իսկ եթե մինչ այդ ստեղծվի իրավիճակ՝ 2018-ին համարժեք, երբ բոլորը փողոցում կլինեն եւ կպակասի մեկ մարդ՝ Հավիկ Աղազարյան՝ ինքը դուրս կգա փողոց։
Հովիկ Աղազարյանը կոնկրետ քաղաքական ծրագրեր ունի, որոնք կհրապարակի այն ժամանակ, երբ պարոն վարչապետը ՔՊ-ի հետ՝ Գյումրու ընտրություններից հետո կորոշի գնալ արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե ոչ՝ մի քիչ ավելի ուշ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում՝ Հովիկ Աղազարյանն այն փոքրաքանակ խմբում էր, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլում էր դեպի Երեւան՝ հեղափոխություն անելու: