«Կարծում եմ՝ սա կսրի արդեն գոյություն ունեցող մարդասիրական ճգնաժամը»,-Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում․ էթնիկ հայերի դատավարությունները և կալանավորումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կառավարության՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրությանը։
Նշենք, որ միջոցառումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպվել է Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի և «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության կողմից։
Սիրանուշ Սահակյանը փաստեց՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ կազմակերպությունն է, որը կարող է տեսակցել Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ «Ոչ մի այլ կազմակերպություն չունի նման թույլտվություն, որևէ այլ մեխանիզմ գոյություն չունի, որ մոնիտորինգի ենթարկի հայ գերիների պահման պայմանները, նրանց հոգեբանական և ֆիզիկական վիճակը։ Ուստի այս քայլն ընդդեմ մի կազմակերպության է, որի մանդատը բացառապես մարդասիրական է, որը հայ գերիներին աջակցություն էր ցուցաբերում։ Սա կունենա հեռահար հետևանքներ։ Այդ մարդիկ ամբողջովին կթողնվեն Ադրբեջանի իշխանությունների հայեցողությանը, այն իշխանությունների, որոնք գործում են հակահայ մթնոլորտում՝ ընդդեմ Հայաստանի։ Այս քայլը կվտանգի հայ գերիներին ֆիզիկական և հոգեբանական առումով, նրանց Ադրբեջանի իշխանությունները կօգտագործեն որպես քաղաքական գործիք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նաև կապի միջոց էր պատանդների և նրանց ընտանիքների համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ