Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը փաստացի կրկնակի հարկելու է արտագնա աշխատող ՀՀ քաղաքացիներին․ Թադեւոս Ավետիսյան

Մարտ 19,2025 12:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ասում եք, որ մարդիկ պետք է համընդհանուր հայտարարագրեն եկամուտները, որտեղ նշելու են նաեւ օտարերկրյա պետություններում ստացած աշխատավարձը կամ եկամուտը։ Խնդիրն այն է, որ ՀՀ-ում եկամտային հարկ կոչվածը նույն բանը չէ այս համաձայնագրի շրջանակներում մեր գործընկեր երկրների հետ»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է՝ սա ոչ թե կրկնակի հարկումը բացառելու մասին է, այլ փաստացի, արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին կրկնակի հարկման գործընթաց է տանում ՀՀ կառավարությունը։

«Ասում եք՝ 13 տոկոս, որը նաեւ պրոգրեսիվ աճում է, բայց այդ 13 տոկոսից բացի, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացին նաեւ պարտադիր սոցիալական վճարներ է վճարում, որոնք եթե գումարենք, 20 տոկոսից ավել է ստացվում եւ այս սկզբունքի ներքո, այդ մարդու համար Հայաստանում հարկ չի առաջանա։ Հիմա դուք դա լավ իմանալով՝ դա հաշվի չեք առնում եւ ասում եք՝ հարգելի քաղաքացի, քո արտագնա աշխատանքից ստացած եկամուտից 7 տոկոսից ավել հարկ էլ Հայաստանում կվճարես։ Սա ոչ միայն արդար չի, ազնիվ չի, այլ հակասում է ձեր ներկայացրած համաձայնագրերի տրամաբանությանը եւ սա խնդիրը, որը պետք է լուծվի ու ոչ թե Չինաստանն ու ՌԴ-ն պետք է լուծեն, այլ ՀՀ-ն։ Ստացվում է, որ մենք բնույթով ունենում ենք կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր, բայց փաստացի կրկնակի հարկում ենք ՀՀ այն քաղաքացուն, որը ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ աշխատում է արտագնա, ստեղծում է եկամուտ, այստեղ սոցիալական ծախսեր է իրականացնում, աշխատում է, որ աղքատ չլինի, իր ուժերով լուծում է պետության ստեղծած մի շարք խնդիրներ»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31