«Դժվար է ասել, թե այս փուլում կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմը այս տեղեկատվական, քարոզչական եւ հոգեբանական գրոհով: Դա կարող է լինել եւ հայ հասարակությանը վախեցնելը, կարող է լինել միջազգային հանրությանը շանտաժ անելը, ենթադրենք, մեզ այսինչ բանը տվեք կամ ուշադրություն դարձրեք մեզ վրա, թե չէ՝ այստեղ քաոս կստեղծենք։ Դա կարող է Թրամփի վարչակազմին ուղղված լինել, կարող է իրական ռազմական արկածախնդրության համար տեղեկատվական նախապատրաստություն լինել կամ՝ երեքը միասին»,- ասում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Սակայն խնդիրն Ադրբեջանի վարքը չէ, այլ այն, որ հայկական կողմը դրան չի հակադրվում:
«Հայկական կողմից դիմադրության, պաշտպանության որեւէ բան չկա: Հայկական կողմը ներկայացնող իշխանությունը որեւէ կերպ ցույց չի տալիս Ադրբեջանի արածի ապօրինությունը, չի փորձում այդ ապօրինության դեմն առնել՝ գլուխը կախ, «չէ, չէ, մենք մեղավոր չենք» ուղերձն է միայն հղում, եւ այս դիրքորոշումն է ամենամեծ խնդիրը, որը շատ համահունչ է ադրբեջանական կողմի հետ եւ պասերով խաղի` Բաքվի հետ»: Նա կարծում է՝ տարօրինակ է, որ ոչ թե վարչապետը, ոչ թե ԱԳՆ-ն են արձագանքում, այլ՝ վարչապետի աշխատակազմը:
Վրթանեսյանը չի կարծում, թե ժամանակահատվածը, երբ Բաքուն կրկին ակտիվացրել է տեղեկատվական գրոհը, պատահական է ընտրված: Այն ուղղակիորեն կապված է փաստաթղթի հետ, որի համաձայնեցման մասին հայտարարվեց օրեր առաջ. «Փաստաթուղթը, որը սկզբում ներկայացվում էր որպես խաղաղության պայմանագիր, իսկ հիմա անունը դրել են համաձայնագիր, նույնիսկ եթե ստորագրվի, Հայաստանին որեւէ անվտանգային երաշխիք չի տալու, որովհետե ստացվելու է, որ դրա երաշխավորը լինելու է Ադրբեջանը: Թե դա ինչ է նշանակում, ինքնին հասկանալի է»:
Ինչ վերաբերում է ռազմական էսկալացիայի հավանականությանը, ըստ փորձագետի, դա իրական է՝ այդ հավանականությունը կար ե՛ւ նախորդ տարի, կա նաեւ այս տարի, որովհետեւ Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ իշխանությունը բանակի վերակառուցման, հզորացման ու վերականգնման ուղղությամբ որեւէ աշխատանք չի տանում. «Հիմնականում շոու է, ԶՈՒ-ները գովազդող քարոզչություն, բայց իրականում՝ ոչինչ չնշանակող քայլեր: Ադրբեջանը դա շատ լավ տեսնում եւ հասկանում է»։
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: