«Եթե քանդենք Հայաստանի բանակը, զրոյի հասցնենք դիվանագիտությունը, փչացնենք հարաբերությունները եղած եւ հնարավոր դաշնակիցների հետ, չունենանք ոչ մի տնտեսական ռեսուրս, բնական է, որ թույլ ենք լինելու։ Ո՞ւմ են մեղադրում, որ թույլ ենք ու չենք կարող Ադրբեջանի պահանջները չկատարել եւ դրա համար պետք է գնալ նոր կապիտուլյացիայի»,- հռետորական հարցադրում է անում քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Նույն Արարատ Միրզոյանը պետք է հարց տա՝ ինչպե՞ս է ինքն ընդունել արտաքին գործերի նախարարությունը, չենք հարցնում նրանից, թե ով է պարել Շուշիում, ով է տարազային զգեստներ ցուցադրել Տիգրանակերտում, եւ դա եղել է ընդամենը 5 տարի առաջ։ Այնպես չէ, որ նման ժառանգություն են ստացել, որ Միրզոյանն ասի՝ ի՞նչ անեմ, խեղճ վիճակում ենք։ Այսինքն՝ ստեղծված վիճակը նաեւ իր անմեղսունակության հետեւանքն էր․ ես մեղմ եմ արտահայտվում, չեմ ասում՝ դավաճանության։ Դե, եթե անմեղսունակ ես, ինչո՞ւ ես շարունակում այդպես»,- հարցնում է Զոլյանը։ Նրա կարծիքով՝ շատերը պատերազմից հետո պատահական չէին բարձրաձայնում, որ պարտված իշխանությունները պետք է հեռանան․ «Ինչքան գնում է, այնքան վիճակը բարդանում է։ Հիմա մենք հերթական հանգրվանին ենք գալիս, եւ ակնհայտ է դառնում, թե ինչ աղետալի վիճակում ենք այս իշխանության հետ․․․»։ Մեզ սպասվելիքի մասին կարելի է պատկերացում կազմել Ալիեւի հայտարարություններից, եւ հարցը պայմանագրի ստորագրումով չի ավարտվելու։
Սուրեն Զոլյանը նաեւ իշխանականներին հիշեցնում է․ «Մեծ տարբերություն կա պայմանագիրը համաձայնեցնելու եւ այն ստորագրելու միջեւ եւ, երկրորդ՝ պայմանագիրը ստորագրելու եւ այն կատարելու միջեւ»։ Նա հիշեցնում է, որ անցյալում եւս համաձայնեցված պայմանագրեր եղել են, որոնք, սակայն, Բաքվի մերժման պատճառով չեն ստորագրվել․ «Եվ Քի Վեստից հետո Փարիզում ինչ-որ բան պետք է ստորագրեին, տեքստի շուրջ կար պայմանավորվածություն, բայց Ադրբեջանը վերջին պահին ասել է, որ իրեն դուր չի գալիս ինչ-որ բան, ու ձախողվեց փարիզյան ստորագրությունը։ Կամ՝ կազանյան փաստաթուղթը, Ալիեւն անգամ Կազան էր հասել, բայց վերջին պահին լրացուցիչ կետեր ներառելու պահանջ էր դրել, այսինքն՝ պետք չէ բացառել, որ այս համաձայնեցված տեքստն էլ կմնա թղթի վրա, եւ այն ընդամենը քթից բռնած տանել-բերելու նպատակով է համաձայնեցվել։ Փաշինյանն ամեն ինչ պատրաստ է տալ` պայմանագիրը ստորագրելու համար, մյուս կողմն էլ անընդմեջ պահանջներ է ավելացնում, այս համատեքստում ուշագրավ է Ալիեւի վերջին հայտարարությունը, որ եթե Երեւանը չկատարեց իրենց պահանջները, իրենք այս գործընթացն անվավեր կհամարեն։ Սա նշանակում է, որ, պայմանագրի տեքստից բացի, կան լրացուցիչ պայմաններ, որոնք գուցե այս պահին գրավոր պաշտոնապես չեն ձեւակերպվել: Ի դեպ, դիվանագիտական պրակտիկայում կա նման ձեւակերպում՝ «ոչ փաստաթուղթ», այսինքն՝ գրավոր տեքստեր, բերում դնում են «word paper», որը նշանակում է, որ դա պաշտոնական չէ, բայց իրականում լավ էլ պաշտոնական է։ Որոշակի համաձայնություններ, անշուշտ, եղել են, որոնց մասին մենք չգիտենք, անգամ չգիտենք, թե ինչ տեքստի շուրջ է համաձայնություն կայացվել։ Արձանագրենք, որ մինչ օրս Ադրբեջանի հետ, բացի Տավուշի տարածքները տալու վերաբերյալ թղթից, այլ փաստաթուղթ ստորագրված չէ, եւ Ադրբեջանն անգամ Փաշինյանի՝ Ալմա-Աթայի համաձայնագրի մասին հայտարարություններին լուրջ չի վերաբերվում, քանի որ դա իրականում այլ մեկնաբանություն ունի, եւ Ադրբեջանն այդ համաձայնագրին միացել է 1993 թվականին, ու խոսքն այդ պահին գոյություն ունեցող սահմանների մասին է, որտեղ Արցախ չկա․․․»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան երկու գլխավոր խնդիր ունեն՝ նախ բացել «միջանցքը», ապա ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում․ «Միջանցք բացելով՝ կտրուկ փոխվում է իրավիճակը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ գուցե մինչեւ Չինաստան։ Ունենալով ճանապարհը եւ դրա պահպանման անհրաժեշտությունը, Ադրբեջանը 350 հազար ադրբեջանցիների բերելու է Հայաստան եւ դրանով «Արեւմտյան Ադրբեջանի» հարց է բարձրացնելու, որ գոյություն ունի այդպիսի Ադրբեջան, գուցե կոնֆեդերացիա՝ Հայաստան-Ադրբեջան, գուցե՝ Արեւմտյան Ադրբեջանի ինքնավարություն եւ այլն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ հաջորդ քայլերը բերելու են ՀՀ կազմաքանդմանը։ Գուցե ձեւական առումով թողնեն, որ վարչապետը հայ լինի, Սահմանադրության մեջ գրված լինի, որ ղեկավարը պետք է հայ լինի, բայց իրականում սա դնելու է պետության կազմաքանդման հիմքերը։ Եվ ամենավտանգավորն այն է, որ այսօրվա ՀՀ իշխանությունների եւ Ադրբեջանի շահերը համընկնում են․ նրանց պետք է թույլ Հայաստան, որը չունի դաշնակից, եւ նման դեպքում միշտ կարելի է ասել, որ եթե այս բանը չենք անում, պատերազմ է լինելու»։