«Առավոտը» ներկայացնում է «Մասնավոր իրավական կենտրոն» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան, «Գլաձոր» համալսարանի հայցորդ» ԻՆԳԱ ԱՎԱԳՅԱՆԻ «Պաշտպանի մասնակցությունը նախաքննության փուլում իրականացվող ապացուցմանը» հրապարակումից մի հատված, որը տպագրվել էր օրերս լույս տեսած ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» տարեվերջյան պարբերականում (2024 հոկտեմբեր-դեկտեմբեր):
– Քրեական վարույթում մեղադրյալի հայտնվելու պահից պաշտպանի պարտադիր մասնակցությունն է, ինչպես նաեւ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերի շրջանակի ընդլայնումը եւ այն ոչ սպառիչ դարձնելը։ Քրեական վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, քանի դեռ մեղադրյալը նրանից չի հրաժարվել օրենքով սահմանված կարգով։
Օրենքով քրեական վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր դարձնող հիմքերից թեկուզեւ մեկի առկայության դեպքում պաշտպանից հրաժարումը չի ընդունվում եւ գործում է մեղադրյալի պաշտպանության սուբյեկտիվ իրավունքի իրականացման կանոնը։
Մրցակցային դատավարության դեպքում քրեական վարույթի հանրային մասնակիցների եւ առերեւույթ հանցագործության մեջ մեղադրվող անձի, նրա պաշտպանի փոխհարաբերությունները կառուցված են դատավարական իրավահավասարության սկզբունքի հիման վրա, որտեղ մասնավորապես առկա է քրեական վարույթի հանրային մասնակիցների եւ մեղադրյալի (պաշտպանի) միջեւ դատավարական գործառույթների հստակ տարանջատում, ինչը նշանակում է, որ վարույթի հանրային մասնակիցներն իրականացնում են մեղադրական գործառույթ՝ հավաքելով առավելապես մեղադրական ապացույցներ։ Վարույթի հանրային մասնակիցները չեն իրականացնում մեղադրյալին եւ պաշտպանին հատուկ այնպիսի գործողություն, ինչպիսին պաշտպանական ապացույցներ հավաքելն է։ Մյուս կողմից, պաշտպանական ապացույցներ հավաքելու գործառույթը վերապահված է մեղադրյալին եւ նրա պաշտպանին՝ նրանց միեւնույն ժամանակ հնարավորություն տալով համապատասխան իրավական եղանակներով հավաքելու նման ապացույցներ։
Կարդացեք նաև
Նախաքննության փուլում մրցակցության ընդլայնմանն ուղղված քայլերից մեկը ապացուցողական զանգվածի ձեւավորման գործընթացում պաշտպանին լրացուցիչ իրավունքների վերապահումն է։ Մասնավորապես, պաշտպանը պետք է անվերապահորեն իրավունք ունենա մասնակցել 1) իր միջնորդությամբ կատարվող բոլոր քննչական եւ այլ դատավարական գործողություններին, 2) իր պաշտպանյալի միջնորդությամբ կատարվող քննչական եւ այլ դատավարական գործողություններին, 3) իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող քննչական եւ այլ դատավարական գործողություններին։ Նույն կանոնները պետք է գործեն նաեւ մեղադրյալի մասնակցությամբ կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող փորձաքննությունների դեպքում։
Մինչդատական վարույթում մեղադրյալի իրավունքների ընդլայնումը ենթադրում է, որ ձերբակալված կամ կալանավորված մեղադրյալը պետք է անվճար բժշկական հետազոտություն անցնելու եւ եզրակացություն ստանալու իրավունք ունենա։ Բացի դրանից՝ նախաքննության ավարտին գործի նյութերին ծանոթանալուց հետո մեղադրյալը եւ/կամ նրա պաշտպանը պետք է իրավունք ունենան միջնորդություն ներկայացնել մեղադրյալի դեմ ցուցմունք տված դատավարության սուբյեկտին հարցեր տալու քննչական գործողություն կատարելու վերաբերյալ, ինչով կապահովվի նաեւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը։
Հիմնվելով պաշտպանի կողմից վարույթն իրականացնող մարմին տրամադրված դատավարական տեղեկատվության օրինականության կանխավարկածի վրա՝ նրա ներկայացրած նյութերը համարվում են թույլատրելի ապացույց, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը չի ապացուցել հակառակը։ Ընդ որում, պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը կամ առարկաները բոլոր դեպքերում պետք է մնան քրեական գործի նյութերում՝ անկախ դրանց նկատմամբ վարույթն իրականացնող մարմի վերաբերմունքից։ Դրա հետ մեկտեղ պաշտպանը պահպանում է անձանց հարցման ենթարկելու եւ փորձագետի կարծիք հարցնելու իրավունքները։
Մինչդատական վարույթում պաշտպանության կողմի իրավունքներից է նաեւ այն, որ պաշտպանը, ծանոթանալով փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը, կարող է առաջադրել լրացուցիչ հարցեր, որոնք քննիչը պարտադիր պետք է ընդգրկի փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ։
Ուսումնասիրելով տարբեր երկրների քրեական դատավարության օրենսգրքերը (ՌԴ, Մոլդովա, Վրաստան, ԱՄՆ)՝ հետեւություն ենք անում, որ պաշտպաններին տրված է ապացույցներ հավաքելու եւ ներկայացնելու իրավունքը, սակայն ընդհանրապես կարգավորված չէ պաշտպանի կողմից ապացույցների հավաքման եւ ներկայացման կարգը, հոդվածով միայն ամրագրվում է նման իրավունքը, իսկ դրա իրականացման ընթացակարգն ընդհանրապես սահմանված չէ։
Պաշտպանների կողմից ապացույցների հավաքման եւ իրականացման ընթացակարգը սահմանված չէ նաեւ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ ՔԴՕ հոդված 49-րդ սահմանված է պաշտպանի իրավունքները, որի մեջ ներառվում է նաեւ ձեռք բերելու եւ ներկայացնելու ապացույցներ՝ վարույթի նյութերին կցելու եւ հետազոտելու համար, համաձայնության դեպքում հարցման ենթարկելու ֆիզիկական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, անհատ ձեռնարկատերերից եւ իրավաբանական անձանցից պահանջելու եւ ստանալու փաստաթղթեր կամ տեղեկություններ, եթե դրանք չեն պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք եւ այլն։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերը սահմանում են՝ 1) իմանալու, թե ինչում է կասկածվում պաշտպանյալը, կամ ծանոթանալու նրան ներկայացված մեղադրանքին, ինչպես նաեւ մասնակցելու նրա հարցաքննությանը, 2) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի, 3) մասնակցելու իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող ցանկացած ապացուցողական կամ վարութային այլ գործողության, մասնակցելու իր կամ իր պաշտպանյալի միջնորդությամբ կատարվող ապացուցողական կամ վարութային այլ գործողության, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին, այլ դեպքերում քննիչի առաջարկով մասնակցելու ապացուցողական կամ վարութային այլ գործողության, 4) մեղադրյալին պարզաբանելու նրա իրավունքները եւ պարտականությունները, 5) ապացուցողական կամ վարութային այլ գործողություն իրականացնող անձի ուշադրությունը հրավիրելու նրա կողմից թույլ տրված օրենքի խախտման վրա, 6) ձեռք բերելու եւ ներկայացնելու ապացույցներ` վարույթի նյութերին կցելու եւ հետազոտելու համար, 7) համաձայնության դեպքում հարցման ենթարկելու ֆիզիկական անձանց, որը, համեմատելով նախկին քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերի հետ, պարզ է դառնում, որ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով ընդլայնվել է պաշտպանի իրավունքները նախաքննության փուլում։ Մասնավորապես՝ ապացույցներ հավաքելու, ձեռք բերելու եւ ներկայացնելու իրավունքը, ինչը, սակայն, օրենսդիրը չի կարգավորել, թե կոնկրետ ինչ ընթացակարգով է հնարավոր այն իրականացնել, եւ ինչ նշանակություն կարող է ունենալ քրեական վարույթի համար որպես պատշաճ ձեռք բերված ապացույցի։ Բացի ապացույցներ հավաքելու հարցում ինքնուրույն գործունեությունից՝ փաստաբանները կարող են մասնակցել քննչական մարմինների կողմից կատարվող քննությանը, հարցաքննություններին, ճանաչման ներկայացնելուն, խուզարկությունների կատարմանը, հանդես գալ միջնորդություններով՝ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ։
ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ փաստաբանի ակտիվ գործունեությունը ոչ թե դանդաղեցնում, այլ ընդհակառակը՝ նպաստում է տեղեկատվության առավել արագ եւ ամբողջական հավաքմանը։ Դատավարության սկզբնական փուլերում մրցակցության սկզբունքի կիրառմամբ պաշտպանը հնարավորություն է ունենում դատարանում օբյեկտիվ հիմնավորմամբ հակադրվել մեղադրողին եւ գործով ճշմարտությունը պարզելը դառնում է ավելին դյուրին։ Ընդհակառակը, քննության փուլում պաշտպանի բացակայությունը կամ նրա ձեւական մասնակցությունը կասկածի տակ է դնում նախնական քննության լրիվությունը եւ օբյեկտիվությունը:
Անդրադառնալով ՀՀ-ում գործող քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներին, կարող ենք փաստել, որ պաշտպանության կողմը, ի տարբերություն քննիչի, չունի համապատասխան գործիքակազմ, հնարավորություններ կոնկրետ ապացույցներ հավաքելու եւ ներկայացնելու համար, որի արդյունքում խախտվում է մրցակցության սկզբունքը։ Քրեական դատավարության մեջ երկար ժամանակ գերիշխել է այն կարծրատիպը, որ նախնական դատական վերահսկողության ներքո գտնվող գործողություններ կատարելու միջոցով ապացույցներ կարող են հավաքել եւ այդ նպատակով դատարան միջնորդություն կարող են ներկայացնել բացառապես վարույթի հանրային մասնակիցները։ Դատավարագիտության մեջ առաջարկվում է օրենսդրությամբ ամրագրել դատարանի թույլտվությամբ որոշակի ապացույցներ հավաքելու նպատակով պաշտպանի՝ դատարան միջնորդություն ներկայացնելու իրավունք։ Քրեադատավարական օրենսդրության զարգացման միտումները վկայում են այն մասին, որ պետք է ամրագրել եւ ընդլայնել պաշտպանի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու եւ դատարանի թույլտվությամբ օրենքով ուղղակի նախատեսված ապացույցներ հավաքելու դեպքերը:
«Առավոտ» օրաթերթ
18.03.2025