Պաշտոնական Երեւանը դժգոհեց միայն այն փաստից, որ Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարություն անել
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երեւանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ, պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։ Այս նորությունից մեկ օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին խմբագրմանը եւ չէր բացառել համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը:
Հիշեցնենք, որ նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ, առայժմ պարզ չէ:
Բաքվի հայտնած լուրից անմիջապես հետո ադրբեջանական կողմը շարունակեց պաշտոնական Երեւանին ուղղված նախապայմանների ներկայացումը: «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից հեռացնելով Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները»,- նշեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։ Պաշտոնյան նաեւ նշել էր, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, «պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հետ»։ «Առկա են նաեւ այնպիսի անհատներ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության եւ ադրբեջանցի ժողովրդի դեմ Հայաստանի տարածքում։ Նրանք եւս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», – ասել էր Հաջիեւը։
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ ազդարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքների ավարտի մասին։ Ընդգծելով, որ այս փաստը Բաքվին «գոհունակություն է պատճառում»՝ ադրբեջանական կողմը կրկնել էր նախկինում հնչեցված նախապայմանը՝ փոխել Հայաստանի հիմնական օրենքը։ «Մեկ անգամ եւս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի՝ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է, որոնց նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջների վերացումը»,- ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նկատել էր, որ Բաքուն շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում պահանջել, այս կառույցը «հնացած եւ ոչ ֆունկցիոնալ» որակելով։ «Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ», – եզրափակել էր Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Այսպես, տեւական ժամանակ էր, պաշտոնական Բաքուն պահանջում էր Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին: Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջների ֆոնին անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մինչեւ 2026թ. ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել, միեւնույն ժամանակ մերժելով պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։
Այսպիսով, մարտի 13-ին, ավելի ուշ, պաշտոնական Երեւանը հաստատեց, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկությունները հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ։ Չանդրադառնալով բովանդակությանը, ՀՀ ԱԳՆ-ն միայն հայտարարեց՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. «Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»։
Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երեւանն այդ հարցը իր հայտարարությունում շրջանցեց։ ՀՀ ԱԳՆ-ն հստակ նշում էր, որ առաջարկել էին հանդես գալ բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, սակայն պաշտոնական Բաքուն նախընտրել է միակողմանի հայտարարությունը։ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
Երբ փետրվարին ստացվեց Բաքվի վերջին պատասխանը, Փաշինյանը հայտարարում էր՝ այդ երկու կետերն էլ մնում են չհամաձայնեցված։ Թե ինչ լուծումներ էր առաջարկել Բաքուն, որը ըստ Երեւանի ու Բաքվի՝ Հայաստանն ընդունել է, մնաց անհայտ։ Արդյունքում ունենք Փաշինյան-Ալիեւ անդրկուլիսային գաղտնի պայմանավորվածություններ, համեմված` Բաքվի շարունակական պահանջներով:
Հատկանշական էր, որ ի տարբերություն Երեւանի՝ Բաքուն տարածած պաշտոնական հայտարարության մեջ խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամություն չէր էլ հայտնել: Ավելին, հստակ շեշտել էին` Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագրի բանակցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի չեզոքացվեն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումները: Գումարած այս ամենին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի Սահմանադրության փոփոխությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը զուգահեռ Հայաստանին այլ պահանջներ էլ ներկայացրեցին` «Հայաստանում գտնվող ու Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Բաքվում նույն օրն ընթացող Գլոբալ ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհեց Հայաստանի զինվելուց, ԵՄ դիտորդներին անվանելով լրտեսներ: «Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին, ինչպես լրտեսներ, փնտրում են հարմար անցքեր, որպեսզի կարողանան հասնեն մեզ: Մենք ունենք նաեւ բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ», – ասել էր Ալիեւը: Ադրբեջանի նախագահն, ի դեպ, ասել էր, թե խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակն, ըստ էության, Բաքուն է. «Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Դրա համար էր Ադրբեջանը հանդես գալիս որպես խաղաղության գործընթացի նախաձեռնողը, ու, ըստ էության, Ադրբեջանն էր խաղաղության պայմանագրի նախագծի հեղինակը, որի շուրջ քննարկումներ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»։
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը սահմանին 3-րդ երկրների ուժեր չեն տեղակայի, հայցերը հետ կկանչեն. Փաշինյան
Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո դիտորդները դուրս կգան հայ-ադրբեջանական սահմանից, միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ կկանչվեն։ Սրանք այն կետերն էին, որոնք ամիսներ շարունակ Բաքուն պահանջում էր համաձայնեցնել։ Չնայած Հայաստանն Ադրբեջանին առաջարկում էր ԵՄ դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջությամբ միայն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատումից հետո, մարտի 13-ին «Ազատության» հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։ Հարցին, թե ինչո՞ւ Երեւանը փոխեց դիտորդների վերաբերյալ դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր. «Մենք, ըստ էության, մեր նախապես հայտարարված դիրքորոշումը չենք փոխել, այսինքն՝ փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում»։ Փաշինյանը նաեւ հայտարարել էր՝ «մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների եւ տեղի մասին»: «Մենք էդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք եւ ըստ էության հոդված-հոդված առանձին հրապարակվել է, չեմ կարծում, թե կարելի է ասել, թե հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,- նկատել էր Փաշինյանը:
Պատասխանելով երկու կետերի վերաբերյալ հարցին, որոնց շուրջ Հայաստանը համաձայնել է, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք հիմա այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված էլ քննարկում ունենանք»: «Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելու եւ միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում եւ չի հաջողվելու ունենալ իդեալական ձեւակերպումներ այդ առումով, մենք նաեւ Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար», հայտարարեց Փաշինյանը:
Հարցին, թե ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջումը, նա նկատեց. «Այս փուլում շատ կարեւոր է, որ մենք միակողմանի ձեւակերպումներ եւ հայտարարություններ չանենք: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, ՀՀ-ն էլ որոշել է, որ նաեւ իրեն է ձեռնտու: Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Այո, մենք կայացրել ենք որոշում, որովհետեւ համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին եւ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը, այլ բանաձեւ խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»: Փաշինյանն ընդգծեց. «Խաղաղության համաձայնագրում չկա մի դրույթ, որը վերաբերում է ՀՀ-ին եւ չի վերաբերում Ադրբեջանին»:
«Ցավոք, կան նախապայմաններ». Միրզոյանը` Բաքվի հետ համաձայնության մասին
Խաղաղության համաձայնագրի տեքստի ամբողջական համաձայնեցմանը զուգահեռ Արարատ Միրզոյանը ցավով արձանագրել է, որ Ադրբեջանը հավելյալ նախապայմաններ է ներկայացնում: «Մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները եթե մի քիչ ավելի պարզունակ ներկայացնենք, պարզ է՝ տարբեր շերտեր կան, տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, բայց պետք է շարունակենք աշխատել»,- նկատել էր Միրզոյանը:
Ըստ ՀՀ ԱԳ նախարարի` «Կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի է ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին, ու այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա:
Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում»:
Հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը համաձայնեցվեց, երբ Երեւանը ընդունեց չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում է միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն, մյուսը՝ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Միրզոյանն այս կետին անդրադարձել է հենց դիտորդների օրինակով. «Երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, նշանակում է, որ խաղաղություն է հաստատված, իրենց գործառույթը նպաստելն էր խաղաղությանը, հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետեւաբար մենք Եվրամիության մեր գործընկերների հետ երեւի պետք է քննարկում ունենանք էն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել»:
Համաձայնեցված մյուս՝ միջազգային հայցերը հետ կանչելու կետի շուրջ ինչ քննարկումներ են ծավալվել կողմերի միջեւ, հայտնի չէ, Միրզոյանը միայն նշել էր՝ Բաքվի հետ համաձայնել են եղած հայցերը հետ կանչել, իսկ հետագայում էլ միմյանց դեմ չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչեւ համաձայնագրի ստորագրումը: Միրզոյանը ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ սրան զուգահեռ Բաքուն խոսում է անցած 30 տարիների համար կրած նյութական վնասների փոխհատուցումից: «Իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը եւ խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը: Միանշանակ ոչ միայն չեմ կիսում, այլեւ եթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնաս…», – արձագանքել էր Միրզոյանը:
Այսպես, Միրզոյանն արձանագրեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, շեշտելով՝ տեքստում չկա որեւէ դրույթ միջանցքի մասին. «Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում՝ երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաեւ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»: Միրզոյանի համոզմամբ` Երեւանի մոտեցումն ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել. «Մենք առաջարկել ենք նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից։ Կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանահատման գործընթացն՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները մնալու են եւ գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան»։
Այսպիսով, Միրզոյանը վերահաստատեց՝ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են, տեքստը համաձայնեցված է. «Ես սա համարում եմ չափազանց կարեւոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ մեր շուրջ՝ Հայաստանի շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»: Նա միեւնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի ստորագրման տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ։ Ինչ վերաբերում է հաջորդ փուլում Հայաստանից ակնկալիքներին՝ պաշտոնական Երեւանն այդպես էլ չանդրադարձավ։
Շարունակությունը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2025